«Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ, առաջին հերթին բուժում կստանամ». Հռիփսիմե Խուրշուդյան
ՍպորտՀայաստանի Ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն, փետրվարի 22-ին վերադարձել են Բուլղարիայից։ Եվրոպայի առաջնությունից մեդալների հարուստ ավարով վերադարձած ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով են դիմավորել մարզաշխարհի ներկայացուցիչներն ու մարզասերները։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 26 մեդալ, 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե /առանձին վարժությունների մեդալները ներառյալ /։ Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում լավագույնն է։ Տղամարդկանց թիմային պայքարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած ընտրանին երկրորդն է, զիջելով միայն Բուլղարիային։ Ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, որը հրում վարժության վերջին մոտեցումից հետո հանել էր մարզակոշիկները, արտասվել ու ակնարկել է կարիերան ավարտելու մասին։
Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում ՀՌԻՓՍԻՄԵՆ նշել է, որ կարիերան ավարտելու վերաբերյալ որոշումը կկայացնի մարզչական խորհրդի հետ։
«Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ։ Առաջին հերթին բուժում կստանամ։ Դեկտեմբերին կայանալու է Աշխարհի առաջնությունը, եթե տեսնենք, կարող եմ այդ ժամանակ մեդալի հավակնել, ապա կմասնակցեմ նաև Աշխարհի առաջնությանը։ Երբ հանեցի մարզակոշիկներս, կարծում էի չեմ կարողացել մեդալ ապահովել։ Մարզիչս չհասցրեց ասել, որ բրոնզե մեդալ եմ նվաճել։ Սիրտս թողել եմ հարթակում։ Տեսնենք, ինչ կլինի հետագայում։ Գոհ եմ այն արդյունքներից, որոնք գրանցեցի այս տարիքում, երկու բալիկներից հետո մեծ սպորտ վերադառնալով։ Խոստացել էի կրկին բարձրացնել մեր եռագույնը, ուրախ եմ, որ կարողացա պահել խոստումս։ Ինձ համար դա հերոսություն էր»։ Հավելենք, որ Եվրոպայի չեմպիոններ են դարձել ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 55 կգ, ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ 67 կգ, ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԸ 96 կգ և ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ 109+կգ ։ Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը 96կգ, Սամվել Գասպարյանը 102կգ և Սիմոն Մարտիրոսյանը 109+կգ ։Երկամարտի արդյունքներով ԵԱ-ի պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Ռաֆիկ Հարությունյանը 81կգ, Գարիկ Կարապետյանը 102 կգ և կանանց հավաքականի առաջատար Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ ։ Հայաստանի հավաքականները ԵԱ-ին մասնակցել են Փաշիկ Ալավերդյանի ու Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ