Կարևոր չի, մրցակիցս թուրք է, թե այլ ազգի. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ
ՍպորտՎերջերս Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկած ընտրանին 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալ է նվաճել։ Եվրոպայի չեմպիոններ են դարձել ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ /77կգ /և ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ /97կգ /։Ամոյանը հռչակվել է Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Ալեքսանյանը 7-ակի ։Իսկ բրոնզե մեդալը առաջին անգամ մեծահասակների պայքարին մասնակցած ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ /55կգ/ հաշվին է։
Անվանի ըմբշամարտիկ, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
«Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել։ Բոլորը պատրաստվում են քո դեմ, երբ դու չեմպիոն ես։ Մի լավ խոսք կա, ասում են չեմպիոն դառնալը բարդ է, տիտղոս պահպանելը ավելի դժվար։ Այս առումով, իսկապես բարդ տրվեց երրորդ չեմպիոնությունը, համեմատած նախորդ Եվրոպայի առաջնությունների։ Մարզիչներիս շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել ու հաղթող ճանաչվել։ Բոլոր հակառակորդներիս դեմ նույն տրամադրությամբ եմ պատրաստվում մեկ նպատակով, որ դուրս գամ գորգ միայն հաղթանակի համար։ Ազգությամբ թուրք Էմրե Բաշարն էլ բացառություն չի այս առումով, և կարևոր չի, մրցակիցս թուրք է, թե այլ ազգի։ Ուղղակի նրա հետ գոտեմարտերս ավելի լավ են ստացվում։ Այս եզրափակիչն էլ ավելի հաճելի ստացվեց։ Առջևում Օլիմպիական խաղերն են։ Մեր քաշային կարգում Օլիմպիական խաղերին մասնակցելու է 16 ըմբիշ։ Այդ 16-ն էլ ինձ համար լուրջ մրցակիցներ են։ Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ վերադառնամ ոսկե մեդալով։ Եվրոպայի առաջնությունն այս տարվա առաջին մրցաշարն էր, հաղթանակով մեկնարկեցի։ Այս ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց, որպեսզի կարողանամ ավելի լավ առաջ շարժվել։ Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Զգացողություններս աննկարագրելի են։ Երրորդ հաղթանակը, իսկապես ուրիշ էր ինձ համար։ Երբ առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն, մեծ զգացողություններ ունեի, երկրորդ անգամ ևս։ Այս հաղթանակը ինձ ավելի բարդ տրվեց»։
- Շնորհակալություն, Մալխաս, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ