Լֆիկ Սամոյի «ջեբկիրույթունը»
ՀասարակությունՊարզվում է, որ, չգիտես ինչպես, Լֆիկ Սամոյի սեփակիանությունը դարձած «Երեւանի Սիթի»-ների հսկայական տարածքներն ու դրանց կից կայանատեղիների (որոնց ձեռքբերման հարցով «չգիտես ինչու», բազում հակակոռուպցիոն հորջորջվող մարմիններից որեւէ մեկը չի զբաղվում) հաշվին նա հիմա կարող է քաղաքացիներին ոչ մի ծառայություն չմատուցելով, փող կլպել:
Այսպես, մի շարք սիթիների, եւ, մասնավորապես, Կոմիտասի պողոտայի հսկա սուպերմարկետի հարակից կայանատեղին «կահավորվել» է ավտոմատ արգելափակոցներով, որի հաշվին տարածք մտնող-ելնողի հաշվին փող են աշխատում: Ու հերիք չէ, որ Երեւանում վճարովի կայանատեղիները մայրաքաղաքի իրավասությանն տակ է վերցնել, ասում են, թե այսքան-այսքան վճարեք, եւ որտեղ ուզում եք` կայանեք, Սամոյի սուպերմարկետներում հաջողացրել են անգամ առանց կայանելու փող կլպել մարդկանցից:
Այսպես, միանգամայն արժանահավատ վարորդը պատմեց, որ մտել է Կոմիտասի Սիթիի կայանատեղի` կանգնելու համար: Բայց բազում արգելափակոցներով կահավորված եւ դրանով`«վթարի բուն» դարձած կայանատեղիում որեւէ ազատ տեղ չգտնելով, վարորդը փորձել է տարածքից դուրս գալ: Սակայն արգելափակոցը, որը հարմարեցված է որեւէ ժամանակահատվածում գումար չգանձել, նրա առաջ չի բացվել` պահանջելով 200 դրամ: Չհասկանալով, թե ինչ է կատարվում, վարորդը զանգահարել է արգելափակոցի վրա նշված հեռախոսահամարով: Մի քանի զանգ, բայց ոչ մի պատասխան: «Խցանում էր սկսում առաջանալ, եւ ստիպված վճարելով` դուրս եկա: Մի քանի անգամ էլ զանագհարեցի, վերջապես պատասխանեցին: Բողոքս լսելով, հայտնեցին, որ իրենք պատասխանատու են միայն արգելափակոցների տեխնիկական կողմի համար, իսկ ֆինանսական խնդիրը կարգավորում է Սիթիի ղեկավարությունը: Նաեւ ասացին, որ իրենց իմանալով, տարածք մուտքի դեպքում մինչեւ 5 րոպե վճարովի է` 200 դրամ, ապա մի որոշ ժամանակ անց` անվճար, եւ հետո էլի վճարովի»,- պատմեց քաղաքացին:
Այսինքն, վարորդից 200 դրամ վերցրել են հենց Սիթիի ղեկավարության հաստատած գնացուցակով: Սակայն այս դեպքում խնդիրն այլ է. քաղաքացին մտել է, տեղ չի գտել, եւ դուրս եկել: Այսինքն, նրան ոչ միայն որեւէ ծառայություն չեն մատուցել, այլ նույնիսկ անհարմարություն են պատճառել` պահանջվող քանակով տեղեր չունենալով: Ու հերիք չէ, որ լաբիրինթոսի վերածված այդ կայանատեղի կոչվածում մարդը նյարդեր եւ ժամանակ է կորցրել, դեռ մի բան էլ նրանից փող են պոկել: Իսկ չմատուցված ծառայության դիմաց փող պոկելը ոչ այլ ինչ է, քան գողություն, տվյալ դեպքում` սովորական ջեբկիրություն: