Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել»
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Կիևը կարող է անգամ «ցատկոտել ու պարել», որպեսզի կատարի Եվրամիության պայմանները նրան միանալու համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումների մեկնարկից առաջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը, իր երկիրը կատարել է Վենետիկի հանձնաժողովի բոլոր առանցքային հանձնարարականները բանակցություններ սկսելու համար։
«Մենք կարող ենք ցատկել, պարել, եթե դա մեզնից պահանջեն։ Բայց մենք պետք է ազնիվ խաղանք»,- ասել է Կուլեբան՝ ընդգծելով, որ եթե Կիևն անի այն, ինչ իրեն խնդրում են, ապա պետք է ստանա արդյունքը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ԵՄ ընդլայնման գործընթացը կշարունակվի, և Ուկրաինան կլինի դրա մի մասը։