«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ 5։0 ՀԱՇՎՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍպորտԵրևանի «Միկա» մարզական համալիրում ավարտվեց բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը ։ Հայաստանը ներկայացնող 16 մարզիկները մարզասերներին ուրախացրին իրենց հաջողություններով, նվաճելով 10 մեդալ, որից 4 ոսկե, 5 արծաթե ու 1 բրոնզե ։ Ոսկե մեդալ են նվաճել Վաղարշակ Քեյանը 48 կգ, Տիգրան Հովսեփյանը 50 կգ, Արգիշտի Հակոբյանը 66 կգ և Ալբերտ Հարությունյանը 75 կգ ։Սա բացառիկ արդյունք էր հայկական բռնցքամարտի պատմության մեջ։
Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել պատանիների Աշխարհի նորընծա չեմպիոն, ծնունդով Վանաձորից ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Արգիշտի ։ Շնորհավորում ենք Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում: Կպատմես, թե ինչպես անցավ մրցաշարը։
- Շատ շնորհակալ եմ ։Հանդես եկա 66 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում հաղթել եմ Ղրղզստանի ներկայացուցչին, հետո խորվաթ մրցակցիս, կիսաեզրափակչում հաղթեցի Ուզբեկստանի ներկայացուցչին, իսկ եզրափակչում պարտության մատնեցի բելառուս Իվան Սինիակին ու նվաճեցի Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Բոլորին հաղթել եմ բացարձակ առավելությամբ, 5։0 հաշվով։ Չեմ կարող առանձնացնել, քանի որ բոլոր մենամարտեր ն էլ դժվար անցան։
- Արգիշտի, իսկ ինչ զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։
- Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր անմահ հերոսների պայծառ հիշատակին, ինչպես նաև, այժմ մեր սահմաններին ամուր կանգնած բոլոր զինվորներին։ Պատասխանատվությունը կրկնակի էր, քանի որ մեր երկրում էր կայանում մրցաշարը։ Շուրջ 7 ամիս պատրաստվել էի, ու տքնաջան պարապմունքները տվեցին իրենց արդյունքը։
- Արգիշտի, հետաքրքիր է ազգականներիդ մեջ կան մարզիկներ:
- Իհարկե, հարազատ եղբայրս Արես Հակոբյանը ևս բռնցքամարտիկ է, նա Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն է։ Հենց նրանից էլ ես ոգեշնչվել եմ ու պարապել, ինչպես նաև ուկրաինացի անվանի բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Վասիլի Լամաչենկոյից եմ ոգեշնչվել։
Իսկ ահա Արգիշտիի անձնական մարզիչը ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, այսպես մեկնաբանեց.
«8 տարի է, ինչ պարապում է ինձ մոտ Արգիշտին։ Միանշանակ, նա լիովին արդարացրեց իմ հույսերը, նույնիսկ սպասվածից ավելին արեց։ Նա տեխնիկայի վրա է շատ աշխատում, հուժկու հարվածներ հասցնում մրցակցին։ Շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ, նա շատ մեծ պոտենցիալ ունի ավելի առաջ գնալու։ Հատկանշական է, որ Արգիշտին, Վանաձորի սպորտի պատմության մեջ առաջինն է, որ պատանիների աշխարհի չեմպիոն է դարձել, անվանի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն էլ է Վանաձորից, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Մեր մարզադպրոցում ունենք մարզական գույքի խնդիր, եթե նոր գույքով ապահովեն, ապա ավելի շատ մարզիկներ կպարապեն մեզ մոտ»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ