Օքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառը
ԹեմաՕքսֆորդի անգլերեն բառարանը «rizz»-ն անվանել է 2023 թվականի բառ: Այս մասին հաղորդում է Oxford University Press-ի տարածած հաղորդագրությունը։
Նախ լեզվաբանները կազմել են տարվա տրամադրությունը և մտահոգություններն արտացոլող 8 բառերի ցուցակ։ 4 օր շարունակ հանրությունը քվեարկել է առավել նախընտրելի տարբերակների օգտին։ Արդյունքում ստացվել է 4 բառ, որոնցից հաղթող է ճանաչվել «rizz»-ը։
«Rizz» խոսակցական լեզվով նշանակում է «ոճ, հմայք կամ գրավչություն»։ Այն «խարիզմա» բառի կրճատված տարբերակն է և ակտիվորեն օգտագործվում է անգլիախոս երիտասարդների կողմից սոցիալական ցանցերում։
«Rizz-ը սոցիալական ցանցերում տարածված տերմին է: Այս փաստը վկայում է այն մասին, որ բառերը, որոնք շատ տարածված են որոշ սոցիալական համայնքներում․․․կարող են լայն տարածում գտնել․․․ Լեզվաբանական էվոլյուցիայի և տարածման պատմությունը, որը ժամանակին տարիներ էր տևում, այժմ կարող է շաբաթներ կամ ամիսներ տևել։ «Rizz» բառի օգտագործման կտրուկ աճն ապացուցում է, որ ինտերնետային մշակույթից ծագած բառերն ու արտահայտությունները գնալով դառնում են առօրյա խոսքի մասնիկը և կշարունակեն ձևավորել լեզվական միտումներն ապագայում», – ասել է Oxford Languages-ի նախագահ Կասպեր Գրաթվոլը։
Բացի «rizz»-ից, վերջնական ցուցակում ներառված էր «Swiftie» բառը, որը վերաբերում է ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երկրպագուներին, «prompt»-ը, որը նշանակում է արհեստական ինտելեկտի վրա հիմնված ծրագրին տրված հրահանգ, որն ազդում է դրա ստեղծած բովանդակության վրա, ինչպես նաև «situationship» բառը՝ ռոմանտիկ հարաբերություններ, որոնք չեն համարվում ֆորմալ կամ հաստատված։
Օքսֆորդի բառարանի 2022 թվականի տարվա բառն էր «goblin mode»-ը (գոբլինի ռեժիմ), որը խոսակցական լեզվով վերաբերում է ծայրահեղ եսասիրական վարքին, որին հատուկ է ծուլությունը, և որը մերժում է սոցիալական նորմերը։