Ֆրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատում
Վերլուծություն
Ֆրանսիայի Սենատը օրերս հաստատեց, որ Հայաստանին կարող են մատակարարվել CAESAR հրետանային համակարգեր, ինչպես նաեւ եւս 26 «Bastion» զրահամեքենա: Լավ են այս զինատեսակները, թե՝ ոչ, դա դեռ խնդրի մի կողմն է: Ամեն դեպքում՝ ոչինչ, էլի պետք կգան:
ՄԱԿՐՈՆԸ ՆՈՐԻՑ ՄԵՅԴԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ
Բայց հասկանալի է, որ այստեղ խնդիրը միայն ռազմականը չէ, ավելի կոնկրետ՝ ռազմական կողմը երկրորդ պլանում է: Առաջնայինը, իհարկե, հարցի քաղաքական կողմն է: Այսինքն, Մակրոնը նախ բավականին կտրուկ քայլերով փորձեց Նիկոլի միջոցով տեղավորվել հարավկովկասյան խաղատախտակին, թերեւս նաեւ Աֆրիկայում ունեցած ծանր կորուստները ներֆրանսիական հարթակում մարսելի դարձնելու համար: Բայց ստացավ բավականին լուրջ հարված ոչ միայն Ադրբեջանից, այլ նաեւ Ռուսաստանից եւ Իրանից: Զուգահեռաբար, այն բանից հետո, երբ Ուկրաինայից հայտարարեցին, որ Ֆրանսիան իրենց ոչ թե զենք է մատակարարում, այլ անպետք աղբ, եւ Փարիզն էլ ի պատասխան հայտարարեց, թե այլեւս ոչինչ չի նվիրելու, եթե ուկրաինացիներն ուզում են, թող գնեն, դա եկավ հիմնավորելու, որ նաեւ ուկրաինական խաղատախտակին Մակրոնը տեղ չունի: Չնայած, նրա կողմից վերջին ժամանակներս նաեւ Մերձավոր Արեւելքի հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու փորձեր նկատվեցին եւ դեռ նկատվում են: Սակայն այս հարթակում եւս նրան հուշեցին՝ հեռու մնա, սա քո խելքի բանը չէ: Եվ այն, որ Մերձավոր Արեւելք կատարած վերջին եւ նորից ձախողված այցից հետո ֆրանսիական սենատը նորից սկսեց հայաստանյան ուղղության մասին մտածել, կարծես թե սկսում է նմանվել նրան, որ Մակրոնն այլեւս իրեն ի ցույց դնելու տեղ չգտնելով, մնացել է Նիկոլի հույսին:
Չնայած, նաեւ զգացվում է, որ Փարիզն այս անգամ շատ ավելի զգուշավոր է: Ամեն դեպքում, երբ մի գլուխ խոսում են Հայաստանին ոչ հարձակողական սպառազինություն տալու մասին, հենց նման զգուշավորության մասին է ակնարկում: Ասենք, միջին մակարդակի զինատեսակների համեմատաբար փոքր խմբաքանակների մատակարարումը եւս ռազմական տեսանկյունից գրեթե բան չի կարող փոխել: Այսինքն, թե իրականում ինչ է Հայաստանում ուզում Մակրոնը, դեռ դա թողնենք մի կողմ՝ ֆիքսելով, որ այն, ինչ նա առաջարկում է Հայաստանին, որեւէ կերպ չի հիմնավորում «փրկչի» այն կերպարը, որը նիկոլյան վարչակարգը փորձում է վերագրել Ֆրանսիային՝ դրանով ձգտելով երկրում տրամադրություններ ստեղծել, թե հրաժարվելով ռուսական անվտանգային համակարգից, կարող է դրան այլընտրանք գտնել Եվրոպայում` ի դեմս առաջին հերթին Ֆրանսիայի:
Ասենք, վերջին ժամանակներս կարելի է նկատել, որ բավականին թուլացել է նաեւ Եվրոպայի եւ Ֆրանսիայի վրա հույս դնելուն միտված հայաստանյան գործող իշխանությունների քարոզները: Պատճառը եւս կարելի է հասկանալ: Նիկոլը, թերեւս, մեծ հույսեր ուներ, որ վերջապես կկարողանա եվրոպական հարթակում Ալիեւի հետ ինչ-որ պայմանագիր ստորագրել, ինչը, թերեւս, նրան ներշնչել էին դեռ Պրահայի տխրահռչակ հանդիպման ժամանակներում: Արդյունքում, թեեւ Նիկոլը, ըստ ամենայնի, այդ խոստումներից ոգեւորված, կտրուկ դեմ գնաց ինչպես նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա պայմանագիր ստորագրելու` կոմունիկացիաների վերագործարկելու ծրագրերին, այնպես էլ ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին, սակայն հիմա բախվել է իր համար այն տխուր իրողությանը, որ Արեւմուտքն այդ խոստումները պարզապես չի կարողանում կատարել: Այսինքն, չի կարողանում Ալիեւին տանել Բրյուսել՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու, եւ վերջ: Նախ Եվրոպան փորձեց համոզել, ճնշել, չստացվեց: Ապա կոշտ սպառնալիքների անցավ Վաշինգտոնը, էլի ապարդյուն: Ալիեւի հետ Բլինքենի վերջին հեռախոսազրույցը եկավ հուշելու, որ Վաշինգտոնը սպառնալիքների լեզվից անցել է համոզելուն, սիրաշահելուն: Սակայն նորից դեռ արդյունք տեսանելի չէ:
Ալիեւը, հիշեցնենք, պաշտոնապես հայտարարել է՝ պատրաստ է բանակցել ՌԴ-ի միջնորդությամբ, պատրաստ է ուղիղ բանակցությունների, ասենք, Թբիլիսիում: Եվ վերջ, Եվրոպա մեկնել չի ուզում: Ու կարծես թե գնալով միայն էլ ավելի են ամրապնդվում այն գործոնները, որոնք էլ ավելի են ամրացնում Ալիեւին նման որոշման դրդող գործոնները: Մեկ պարզ օրինակ: Երբ այսօր Արեւմուտքում բոլորը բացահայտ խոսում են, որ ռուսների հետ պետք է Ուկրաինայում սկսել բանակցել, Ալիեւի համար եվրոպական բանակցային հարթակը, որը Մոսկվան բացահայտ համարում է թշնամական, հազիվ թե ընդունելի դառնա: Ավելին, վերջին օրերին Ուկրաինայի պարտության թեման բավականին ակտիվ է նաեւ թուրքական լրատվամիջոցներում, եւ նման ազդակը, իհարկե, Ալիեւը աչքաթող չի անի:
ԱԼԻԵՎԸ ՉԻ ՈՒԶԵՆԱ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼ
Այսպիսով, Նիկոլը հայտնվել է մի այնպիսի վիճակում, որի պարագայում անգամ ֆրանսիացիների CAESAR-ներն ու «Bastion»-ները, թերեւս, ոչ թե հուսադրող, այլ ավելի հուսահատեցնող գործոն կարելի է համարել. խոստանում էին «ոսկու սարեր», եւ երբ դրա փոխարեն գալիս է միջին մակարդակի ինչ-որ տեխնիկա՝ համեմված հայտարարությամբ, թե՝ հարձակողական, այն է՝ տրվածից ավելի լավ զինատեսակների չսպասեք, դա նման է ակնարկի, որ քաղաքական հարթակում եւս օգնում ենք այնքանով, որքանով կարող ենք:
Մյուս կողմից, Բաքուն է շարունակում ճնշել, թե ո՞ւր մնացիք, եկեք պայմանագիր ստորագրելու: Ընդ որում, այդ ճնշումներն անտեսելն էլ չի կարող: Ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սկսել: Երեկվա սահմանային կրակոցները, իհարկե, մտահոգիչ են: Բայց այս պահին մասշտաբային պատերազմը մնում է քիչ հավանական է, որի օգտին խոսող հերթական հայտարարությունը նախօրեին արեց Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին, թե՝ «Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա» եւ հիմա շատ ավելի առաջնային է համարվում տարածաշրջանում տնտեսական նախաձեռնությունների իրականացման միջոցով լայն կոնսենսուսի հնարավորությունների հիման վրա խախաղության հասնելու գաղափարը: Բայց առանց պատերազմի էլ Բաքուն Նիկոլի վրա ճնշելու գործիքներ ունի: Օրինակ, երբ նախօրեին Բայրամովն ակնարկեց, թե Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին, դրա տակ կարելի է նաեւ հասկանալ, թե ինչ կոմպրոմատային հեղեղ կարող է բաց թողնվել Նիկոլի ուղղությամբ, ընդ որում, առնվազն 44-օրյա պատերազմի ժամանակներից սկսած:
Միաժամանակ քիչ հավանական է թվում նաեւ վերջին ժամանակներս ի հայտ եկած թեզը, թե Բաքուն ինքն է այս պահին դանդաղեցնում «խաղաղության պայմանագրի» ստորագրման գործընթացը: Այսինքն, սպասում է, որ Նիկոլը նոր ընտրություններ անցկացնի, դրանով լիգիտիմացնի իր իշխանությունը՝ Արցախը հանձնելուց հետո, եւ այդ պաշարով գնա պայմանագիր ստորագրելու: Սակայն այստեղ մեկ պարզ հարց կա. իսկ Բաքվի ինչի՞ն է պետք, թե նման պայմանագիր ստորագրող Հայաստանի ղեկավարն ինչ կարգի լեգիտիմություն ունի: Նիկոլն աշխարհի կողմից այս պահին էլ ճանաչված է, որպես Հայաստանի վարչապետ, եւ այս պահին էլ նրա ստորագրությունը նույն կշիռն ունի, ինչպիսին որ կունենա եթե նորից ընտրվի: Եվ եթե նշված թեզի իմաստն այն է, որ հետագայում հայաստանյան այլ իշխանություններ չբողոքարկեն, ապա մեկ է, ցանկության, առավել եւս՝ հնարավորության դեպքում բողոքարկելու հիմքեր միշտ էլ կգտնվեն: Էլ չասած, որ ապրում ենք շատ արագ փոփոխվող աշխարհում, թե վաղը ինչ գլոբալ իրավիճակ կստեղծվի, դժվար է ասել, եւ դա հուշում է, որ Ալիեւի համար շատ ավելի նախընտրելի է օր առաջ իրեն ցանկալի պայմաններով պայմանագիր ստորագրելը: Առավել եւս, եթե հիմք համարենք Իրանի դեսպանի հիշատակված հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ Հեյդարովիչն այլեւս մեծ հույսեր չի կապում:
ԻՆՉ Է ՄՆՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ
Կարճ ասած, եթե ամերիկացիները չկարողանան շատ արագ վախեցնել, համոզել, սիրաշահել Ալիեւին՝ գնալ Բրյուսելում պայմանագիր ստորագրելու, Նիկոլն ինքը, թերեւս, ստիպված կլինի գնալ Ալիեւի առաջարկած հարթակներում՝ Ռուսաստանում կամ Վրաստանում հանդիպումների:
Այս օրերին ամերիկացիները նորից Վաշինգտոն են կանչել ԱԽՔ Արմեն Գրիգորյանին: Վաղուց է այն տպավորությունն առաջացել, որ հենց ամերիկացիները կամ բրիտանացիները Նիկոլին ինչ-որ բան հասցնելու կարիք են ունենում, այդ պահին էլ գործի մեջ է մտնում Գրիգորյանը: Ինչ նոր ռազմավարություն են պլանավորել Վաշինգտոնում, դժվար է ասել: Իհարկե, կարելի է մտածել, որ Ալիեւն արեւմտյան հարթակում հանդիպման համար մի շարք նոր պայմաններ է առաջադրել, եւ հիմա կփորձեն դրանք պարտադրել Նիկոլին: Բայց ի՞նչ. դժվար է ասել, առավելագույնը, որ Նիկոլը կարող էր տալ, արդեն համաձայնվել է:
Իհարկե, կարելի է նաեւ փորձել Ալիեւին շարունակել ճնշել, այս անգամ խաղարկելով արցախահայության գործոնը: Համենայնդեպս, արցախցի դեռ պատգամավորներին նիստի հավաքելու համար, ինչպես հայտնի է, պետք էր գործի լծել Բաբայան Սամոյին, որի ներկայացուցիչն էլ այս պահին ժամանակավոր ղեկավարում է Արցախի ԱԺ-ն: Նաեւ եղան խոսակցություններ, որ օրերս նիստանման մի բան անցկացրել են, Ռուսաստան թռածների փոխարեն երկու նոր պատգամավորի են մանդատ տվել, նաեւ քննարկել են (այլ աղբյուրներով՝ որոշել են) Արցախի գործունեությունը դադարեցնելու մասին Շահրամանյանի հայտնի որոշումը չեղարկելու հարցը: Բայց ասել, թե այդ ամենը կարող է Ալիեւի վրա լուրջ ճնշման վերածվել, միամտություն կլիներ: Լուրջ կարող էր լինել արցախահայության Արցախ վերադառնալու նախաձեռնությունը: Սակայն իրողությունները հուշում են, որ երեւի միայն շատ փոքր մասին կարողանան համոզել՝ վերադառնալ:
Ընդ որում, ժամանակն ակնհայտորեն ամերիկացիների օգտին չի աշխատում: Մտնում են ընտրությունների ծանր փուլ, որտեղ Բայդենի վերընտրության հարցը ու ներկա քաղաքականության շարունակումը լուրջ կասկածի տակ է: Մյուս կողմից, ամենակարեւորը, որքան ռուսների դիրքերն ամրանում են Ուկրաինայում, այնքան Ալիեւի, ասենք նաեւ Նիկոլի մոտ թուլանալու են Մոսկվային «գցելու» ձգտումները:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ