Չպետք է թույլ տանք, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ լայնամասշտաբ պատերազմի. Ստոլտենբերգ
Միջազգային«Չպետք է թույլ տանք, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ լայնամասշտաբ պատերազմի»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ն երկու հիմնական խնդիր ունի՝ կապված Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ։ Մեկը Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից, ՆԱՏՕ-ի շատ երկրներ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային դեռևս լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ։ Մյուս հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, քանի որ դա կբերի էլ ավելի մեծ տառապանքների, մահվան և ավերածությունների։ Բայց, իհարկե, մենք կարող ենք մտածել, թե ինչպես կարելի է Ուկրաինան էլ ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին»,- ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը նաև հիշեցրել է, որ «Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռազմական գործողությունների պայմաններում անհնար է»։