Մինչ այս չհրապարակված տեղեկություններ. Բացառիկ զրույց աղմկահարույց քրեական գործերով հայտնի փաստաբանի հետ
ԻրավականԲոլորին է հայտնի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը առաջին իսկ ժամերից ստանձնեց «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը, ով անմիջապես բարձրաձայնեց փողոցային արդարադատության անթույլատրելիության մասին: Ավելին, հայտնի փաստաբանը առաջին իրավապաշտաններից էր, ով հրապարակային քննադատեց Նիկոլ Փաշինյանի գործողությունները, հորդորելով չխախտել անձի անմեղության կանխավարկածը:
Սակայն, տեւական ժամանակ է ինչ նկատելի է, որ հայտնի փաստաբանին չենք տեսնում Մանվել Գրիգորյանի եւ նրա հարազատների գործով դատական նիստերին: Վերը նշված հարցի, ինչպես նաեւ դատական ակտի եւ այլ մանրամասների շուրջ «Իրավունք» բացառիկ զրույց է ունեցել հայտնի փաստաբանի հետ, ով նախ անդրադարձավ նախապատմությանը, ընդգծելով.
-Ինչ խոսք 2018թ.-ի առաջին հնչեղ գործն էր, որի ուժով հասարակությունը եւ իշխանությունը բավականին ծանր արձագանքեցին, բավականին լուրջ խոչընդոտներ ստեղծելով պաշտպանական կողմի համար: Հիշում եք, այդ ժամանակ հասարակությունը հեղափոխության էմոցիաների տակ էր եւ վարչապետի ամեն խոսք ընդունվում էր ի գիտություն: Դա էր պատճառը, որ փաստաբանական խմբի համար լուրջ դժվարություններ առաջացան, բայց դա չխանգարեց ինձ գլխավոր պլան մղել վստահորդիս շահը, եւ այ՛ո, բազմաթիվ հարթակներում բարձրաձայնել փողոցային արդարադատության եւ ընտրովի արդարադության անթույլատրելիության մասին:
Ինչ վերաբերում է դատարանի կայացրած ակտին, ապա, այ՛ո, ճիշտ եք նկատել, վերջին ամիսներին ես չեմ մասնակցել դատական գործընթացներին, իսկ պատճառը իմ եւ իմ վստահորդներից որոշ անձանց հետ եղել է իրավական որոշ անհամաձայնությունը եւ նման դեպքում վերջին խոսքը պատկանում էր վստահորդիս: Ուստի, գլխավոր պլան մղելով վստահորդիս շահը չեմ մասնակցել այդ դատական գործընթացներին: Ըստ այդմ չմասնակցելով վերջին ամիսներին դատական գործընթացներին դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնել չեմ կարող:
-Կարելի՞ է ենթադրել, որ այսուհետ վերը նշված գործով ընթացիկ զարգացումներին եւս Ձեզ չենք տեսնի, որպես Գրիգորյանների շահերի ներկայացուցիչ:
-Գիտեք, իրավապաշտանի, փաստաբանի եւ վստահորդների կարծիքները իրավական հարթության վրա պետք է համապատասխանեն: Տվյալ դեպքում քանի կա իրավական անհամաձայնությունը իմ եւ վստահորդներիս միջեւ, բնականաբար, զերծ կմնամ կարծիք հայտնել: Որ պահից սկսած գտնեն, որ իմ իրավական մարտավարությունը գտնում են ողջախոհ եւ ճիշտ, ինչու չէ` պատրաստ եմ քննարկել եւ իրավական գործընթացը տանել առաջ:
-Պարոն Բաղդասարյան, եթե կենդանի լիներ Մանվել Գրիգորյանը, այդ իրավական անհամաձայնությունները այսօր կլինեի՞ն:
-Կարծում եմ ոչ:
-Պարոն Բաղդասարյան, Հակակոռուպցիոն դատարանում եւս ընթանում է Մանվել Գրիգորյանին եւ նրա հարազատներին առնչվող գործը, այստեղ ե՞ւս, ըստ էության, այլեւս ներգրավված չեք:
-Ոչ, Հակակոռուպցիոն դատարանում շարունակում եմ ներկայացնել գեներալ Գրիգորյանի եւ նրա բոլոր հարազատների շահերը:
-Իսկ, ի՞նչ փակագծեր կարող եք բացել վերը նշված գործով:
-Տեղի է ունենում են նախնական դատական նիստեր, դատարան են ներկայացվել ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր, այդ թվում հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետների եզրակացություններ: Ըստ որի հայցապահանջի հիմքերը իրավաչափ չեն: Տեղեկացնեմ նաեւ, որ օրենքով սահմանված կարգով որոշակի քննարկումներ են ընթանում հաշտության եզրեր քննարկելու եւ հաստատելու ուղղությամբ: