Երեւանի ավագանիում տեղի ունեցածը ցածրակարգ հասարակության համար ֆասթ ֆուդ էր. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, անդրադառնալով Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ այլեւս չի զարմանում ո՛չ խորհրդարանում երեկ, այսօր եւ վաղը տեղի ունենալիք, ո՛չ էլ Երեւանի ավագանիում տեղի ունեցածից: Ըստ նրա` ավագանիների փոխադարձ հայհոյանքներն ու միմյանց վրա ջուր շփելը ցածրակարգ հասարակության համար ֆասթ ֆուդ էր:
— Մի՛ զլացեք եւ մոնիթորինգ արեք, թե այդ էժանագին ներկայացումները, որտեղ կինը տղամարդու հայհոյանք է տալիս, քանի հարյուր հազար դիտում է ունեցել, եւ համեմատեք լուրջ խոսքի հետ: Դիմում եմ այն գործիչներին, որ սոցցանցում գրում են` «էջիս դիտելիությունը ընկել է, մի հատ պլյուս դրեք»: Ոչ մեկիդ էջի դիտելիությունը չի ընկել: Պարզապես, դե, իշխանության մասին չեմ խոսում, նաեւ ընդդիմության թեթեւ ձեռքով մենք ստացանք բացարձակապես անհաղորդ հասարակություն, որը ոչինչ այլեւս չի ուզում լսել: Նրան չի հետաքրքրում, թե վաղը իր հայրենիքի հետ ինչ է լինելու, ինչպես նրան չէր հետաքրքրում, թե ինչ եղավ Արցախի հետ: Նա թքած ուներ այն 100 հազարից ավելի արցախցիների վրա, որոնք երկու օրում դարձան անտուն, որոնք տասնյակ հազարներով դեկտեմբերի 1-ից դուրս են գալու տներից, որովհետեւ տան վարձը չեն կարողանում վճարել: Մենք ստացանք մի հասարակություն, որին չի հետաքրքրում, թե իր սեփական տան հետ ինչ է լինելու վաղը: Նա ասում է՝ ինձ տվեք Երեւանի ավագանու տեսարան, որտեղ կինը կարող է հայհոյել վերջին խոսքերով, եւ դա կարող է ունենալ 100 հազարավոր դիտում, որտեղ ինչ-որ մեկը կարող է թաղապետերին ասել` «տղե՛րք, ես ձեր ցավը տանեմ»` նրա համար, որ 20 հոգով մի անկյուն են քաշել մի հոգու: