Հաջիեւը հակասում է Բաղիրովին. «Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ Իրան
Միջազգային
Արդեն սկսվել են նախնական շփումներն Իրանի հետ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության եւ Ադրբեջանի այլ տարածքների միջեւ տրանսպորտային ուղիների վերականգնման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Նա նշել է, որ աշխատանքն այս ուղղությամբ վարում են իրավասու նախարարները։ Նրա խոսքով՝ գործնական աշխատանքն սկսվել է։ Շարունակվում է տրանսպորտային գծերի կառուցումը, որոնք անցնելու են Իրանի տարածքով դեպի Նախիջեւան, կամուրջների միջոցով, որոնք կառուցվելու են Արաքս գետի վրա Զանգիլանում եւ Աղբենդում։
«Ցավոք, վերջին 3 տարիներին Հայաստանը լուրջ քայլեր չի ձեռնարկել այդ հաղորդակցությունների կառուցման եւ առաջմղման ուղղությամբ։ Մենք չենք կարող սպասել, մինչեւ որ Հայաստանը որոշում կայացնի։ Ինչպես տեսնում եք, «Միջին միջանցքում» նոր հնարավորություններ են հայտնվում, եւ մենք պետք է ճիշտ գնահատենք դրանք եւ կապեր հաստատենք»,- ասել է Հաջիեւը։
Նշենք, որ այս հայտարարությունը խիստ հակասում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովի երեկվա հայտարարությանը, որը հավաստիացրել է լրագրողներին «Զանգեզուրի միջանցքի բացման պատրաստության» մասին։