«Այդ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է փաշինյանական տուպիկի». «Փաստ»
Մամուլի տեսություն
Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց:
«Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, որովհետև այն, որ Ադրբեջանում Հայաստանը ներկայացնում են որպես «Արևմտյան Ադրբեջան», այլ կերպ մեկնաբանել չի կարելի: 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը խաչ քաշեց Արցախի Հանրապետության վրա: Մեկ տարի անց գրեթե նույն օրը Գրանադայում ընդունվեց մի հռչակագիր՝ առանց Ադրբեջանի մասնակցության, որը բովանդակային առումով չի տարբերվում այն փաստաթղթից, որով խաչ քաշվեց Արցախի Հանրապետության պատմության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը: