Հնդկական Bharat Forge-ը հաստատել է Հայաստան հաուբիցներ մատակարարելու ծրագրերը
Միջազգային
Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է Հայաստանին MArG 155 ինքնագնաց հաուբիցներ մատակարարելու ծրագրերը, հայտնում է IDRW-ը (Indian Defense Research Wing):
«Հրետանային համակարգեր արտադրող հնդկական առաջատար Bharat Forge-ը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։ Սա կարևոր հանգրվան է Հնդկաստանի՝ իր պաշտպանական տեխնիկան միջազգային գործընկերներին արտահանելու ջանքերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հրատարակությունը նշում է, որ Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի հիմնական մատակարարներից մեկը։ Մասնավորապես, ընդգծվում է, որ 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել չորս Swati շարժական ռադիոտեղորոշիչ կայանք, իսկ 2022 թվականի սեպտեմբերին 245 մլն դոլարի պայմանագիր է կնքվել Pinaka բազմակի հրթիռային համակարգերի, հակատանկային հրթիռների և տարբեր զինամթերքի գնման համար։
Նոյեմբերի կեսերին հնդկական Indian Aerospace Defense News (IADN) լրատվական ռեսուրսը հայտնել էր, որ Munitions India Limited-ը Հայաստանին կմատակարարի 150 հազար 30 մմ և 40 մմ ականանետեր։ Զեկույցում նշվում էր, որ երկու ամիս առաջ նույն ընկերությունը Հայաստանին է մատակարարել 7,62 մմ տրամաչափի 5 մլն փամփուշտ։
Նոյեմբերին նաև EurAsian Times-ի հնդկական հրատարակությունը հայտնել էր, որ Հայաստանը պայմանագիր է կնքել հնդկական Zen Technologies ընկերության հետ՝ 41,5 միլիոն դոլարով հակադրոնային համակարգի մատակարարման համար։