Եղան չնախատեսված ծրագրեր, որոնք հաճելիորեն հայաստանյան հանգիստս վերածեցին աշխատանքի. ՄԱԴԼԵՆ
Շոու բիզնեսԿոմպոզիտոր, երգահան Մարինե Գյուլումյանի դուստրը` ֆրանսիական «Ձայն» նախագծի մասնակից, իր երգերով ֆրանսիական բեմում հանդես եկած ՄԱԴԼԵՆԸ վերջերս Հայաստանում էր եւ առաջին անգամ ելույթ ունեցավ հայաստանյան բեմում: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
— Մադլեն, հայաստանյան այցից ի՞նչ տպավորություններով վերադարձաք Ֆրանսիա:
— Տպավորություններս շատ վառ են, իրականում Հայաստան էի եկել արձակուրդներս անցկացնելու՝ հարազատներիս տեսնելու եւ բարեգործության համար, բայց չնախատեսված ծրագրեր եղան, որոնք հաճելիորեն հանգիստս վերածեցին աշխատանքի։
— Համերգային ծրագրե՞ր ունեցաք:
— Իրականում, երբ մայրիկս ասաց, որ «Եռալեգենդ» համերգին պիտի մասնակցեմ Ա. Խաչատրյանի մեծ համերգասրահում, սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, ինձ համար անհավատալի էր, քանի որ համերգին մնացել էր մեկ շաբաթ, իսկ ինձ առաջարկված երգը (Սթիվի Ուոնդերի երգացանկից) բացարձակ չէի լսել։ Հայ հանդիսատեսի հետ հանդիպման ցանկությունս այնքան մեծ էր, որ հենց գիշերը ժամը 2:00-ից սկսեցի երգի վրա աշխատել ու մեկ շաբաթ հետո ամբողջությամբ պատրաստ էի իմ ելույթին։ Շատ տպավորված եմ հայերի ջերմ ընդունելությունից, նրանց շռայլ ծափահարությունները մինչեւ հիմա հնչում են ականջներումս։
— Սոցցանցերից տեսա, որ օգնության ձեռք եք մեկնում բռնի տեղահանված արցախցիներին…
— Անչափ տպավորված եմ նրանց հետ հանդիպումից: 2020թ.-ի պատերազմից հետո ընտանիքով հեռահար ծանր ապրումների մեջ էինք։ Դժբախտաբար, անկարողության զգացումը էլ ավելի էր խեղդում հեռվից, բայց գիտակցելով, որ եթե ամեն մեկս թեկուզ փոքր քայլերով օգնություն ցուցաբերենք, գոնե որոշ չափով կթեթեւացնենք անպիտան լինելու զգացողությունը։ Այնքան հուզիչ էր տեսնել Արցախի ծանր օրեր ապրած երեխաներին ժպիտները դեմքին։ Երեխաներ, ովքեր չնայած ամեն ինչ կորցրել էին, բայց ներքուստ այնքան ուժեղ էին, որ կարողանում էին ժպտալ։ Այդ ամենն ապրելն ինձ համար կյանքի ուսուցողական դաս էր։ Ուրախ եմ, որ կարողացանք Աբովյանի Արամուս գյուղի եւ Արտաշատի արցախահայ երեխաներին մի փոքր հույս ու ժպիտ պարգեւել…
— Ինչպե՞ս անցկացրիք հայաստանյան Ձեր օրերը, ո՞ր վայրերում եղաք:
— Սովորաբար հայաստանյան մեր այցն ավելի երկար է լինում ամառային արձակուրդներին, բայց այս տարի քանի որ ամռանը մասնակցում էի «Ֆրանսիական ձայնը» նախագծին, բացառության կարգով Հայաստան եկանք աշնանային կարճ արձակուրդներին։ Այսպիսով, 12 օրում այնքան շատ բան կար անելու՝ հումանիտար օգնություն, հանդիպում դպրոցի երեխաների հետ, հեռուստաեթերներ, ֆոտո-շութինգներ, սիմֆոնիկ նվագախմբով փորձեր ու հետո՝ համերգ, որ գրեթե ժամանակ չմնաց որեւէ տեսարժան վայրի, բայց ուրախ եմ, որ հասցրինք Արտաշատի ճանապարհին կանգ առնել ու վայելել Խոր Վիրապն իր ողջ հմայքով։
— Ո՞րն էր ամենատպավորիչ օրը:
— Հայաստան գալիս եմ ամեն տարի, քանի որ այն իմ երկրորդ տունն է։ Այս անգամվա այցի ամենատպավորիչ օրերից կարող եմ առանձնացնել երկուսը՝ առաջինը` հանդիպումն էր Արցախի հայ մանուկների հետ, որոնց չափից շատ էի ուզում հանդիպել, իսկ երկրորդը՝ այդքան երկար սպասված հայ հանդիսատեսի հետ հանդիպումն էր Օպերայի մեծ բեմում։ Ճիշտ է, հայերի համար երգել էի հեղինակավոր «Ֆրանսիայի ձայնը» նախագծի շրջանակներում ու երգս նվիրել Հայաստանին, բայց երազանքի նման մի բան էր երգել հայերի համար իրենց ներկայությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՇԱՔԵ ԱՐՄԵՆԻ
—Հայաստանը հիշելիս ամենաշատն ի՞նչն եք կարոտում:
— Ամենաշատը կարոտում եմ տատիկիս եւ պապիկիս։ Նրանցից ստացած սերն ու ջերմությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի։
— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
— Այս տարի լեցուն է համերգներով. դրանցից կառանձնացնեմ մարտ ամսին կայանալիք Մասիի սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ ելույթը։ Այս անգամ հանդես եմ գալու որպես ֆլեյտահար սոլիստ, եւ դա բավականին աշխատատար է ու պարտավորեցնող։
— Հայաստանից վերադառնալով՝ Ֆրանսիայում առաջին անելիքը ո՞րն է եղել:
— Նախ` պատիվ էր ինձ համար նոյեմբերի 11-ին հրավիրվել քաղաքապետի կողմից պաշտոնական արարողության եւ կատարել Ֆրանսիայի հիմնը։ Իսկ հաջորդ օրը շատ ուրախ էի համերգ ունենալ «Ֆրանսիայի ձայնը» նախագծում երկրորդ տեղը զբաղեցրած Լյուսիի հետ, ով չափազանց տաղանդավոր է։ Ի դեպ, հաջորդ համերգը նախագծի մասնակիցների հետ տեղի է ունենալու դեկտեմբերի 2-ին Լիոնում։ Շատ անհամբեր եմ, քանի որ կարոտել եմ իմ բեմական ընկերներին ու նրանցից մի քանիսի հետ հանդես եմ գալու զուգերգերով։ Համոզված եմ՝ Հայաստանում ստացած տասնօրյա էներգիան կբավականացնի ողջ տարվա համերգային գործունեությունն իրականացնելու համար։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Շաքե Արմենի