Իշխանությունից եւ ընդդիմությունից ովքեր «թռան» Հռոմի ստատուտի քվեարկությունից
Ներքաղաքական
Ազգային ժողովը 60 կողմ, 23 դեմ եւ 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին որոշումը: Իսկ թե ովքեր «թռան» այս քվեարկությունից, բավական ուշագրավ է:
Այսպիսով` քվեարկությանը բացակայում էին ՔՊ-ական պատգամավորներից Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Կարեն Համբարձումյանը, Մաթեւոս Ասատրյանը, Քրիստինե Պողոսյանը եւ Կնյազ Հասանովը: Բացակա էր նաեւ ընդդիմադիր խմբակցությունով խորհրդարան անցած, ապա մերձիշխանական դարձած Իշխան Զաքարյանը:
Իրենց մեջ համարձակություն գտան ու Հռոմի ստատուտի քվեարկությանը չմասնակցեցին ՔՊ խմբակցության պատգամավորներ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ սյունեցի Նարեկ Գրիգորյանը, ինչպես նաեւ Դավիթ Դանիելյանը:
Զարմանալիորեն, «դեմ» քվեարկելու փոխարեն` նախընտրեցին քվեարկությանը չմասնակցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Արմեն Չարչյանը, Իրինա Գասպարյանը, Ասպրամ Կրպեյանը եւ անկախ պատգամավոր դարձած Թագուհի Թովմասյանը:
Նշենք, որ միաձայն դեմ քվեարկեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ինչ վերաբերում է կողմ քվեարկած ՔՊ-ականներին, հատկանշականն այն էր, որ նրանց շարքում էր ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, թեպետ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով զգուշացնում էր, որ այս նախագծի ընդունումը ուղիղ հարված է հայ-ռուսական հարաբերություններին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ