Արցախում կալանքի տակ գտնվող անձիք ազատ են արձակվել եւ ինքնուրույն հատել ՀՀ տարածքը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ ներկայացնում
Հանդիպում
Բռնի տեղահանման գործընթացում արդյո՞ք ներառվել են Արցախի կալանավորներն ու դատապարտյալները, եթե այո, ապա ին՞չ ընթացակարգով, հարցի պատասխանը նախ փորձեցինք ստանալ Արցախի ՄԻՊ գեղամ Ստեփանյանից, ով հակիրճ պատասխանեց. «Բոլորն ազատվել են», այլ մանրամասներ չհաղորդելով: Նույն հարցին նույն բովանդակությամբ պատասխանեց տվեց ԱՀ փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը:
Առավել մանրամասն տեղեկությունները վերը նշված գործընթացի վերաբերյալ փորձեցինք պարզել բազմաթիվ քրեական գործերով Արցախում հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով մանրամասնեց.
-Մինչդատական վարույթում կալանքի տակ գտնվող անձինք, վարույթն իրականացնող մարմնի որոշումներով խափանման միջոցը՝ կալանավորումը վերացվել է։ Նույն կերպ վարվել են դատարանի վարույթում գտնվող գործերով։ Փաստորեն կալանքի տակ չի գտնվել որևէ մեկը։ Նրանք ՀՀ տարածքը հատել են ինքնուրույն։ Փաստորեն իմ պաշտպանյալները ազատ են արձակվել կալանքից։ Այլ անձանց վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Սակայն վստահ եմ, որ բոլորի նկատմամբ կալանավորման տեսակով ընտրվաց խափանման միջոցները կամ փոփոխվել են կամ վերացվել։
Տեղեկացնեմ,որ դեռևս կան այնպիսի կալանավորվածներ, որոնք գտնվում են ՀՀ ՔԿ տարբեր հիմնարկներում։Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, չի փոփոխվել։ Գտնում եմ,որ նրանց նկատմամբ քրեական վարույթ չի կարող շարունակվել ՀՀ տարածքում, իսկ դա նշանակում է, որ ՔԿ հիմնարկների վարչակազմի կողմից պետք է որոշում կայացվեն կալանքից ազատելու մասին։
Ընդհանրապես Արցախցիները չեն կարող Արցախի դատարանների որոշման հիման վրա գտնվել կալանքի տակ ՀՀ ում։ Այն իրավաչափ կլիներ, եթե քրեական դատավարության նորմերով սահմանված կարգով առկա լիներ կնքված պայմանագիր՝ ՀՀ տարածքում կալանքի տակ գտնվելու մասին։ Իսկ քանի դեռ այդպիսին չկա, ակնհայտ է ,որ նրանք գտնվել կալանքի տակ անօրինական ճանապարհով։