Ինչո՞ւ ՀՀ հարկատուների հաշվին գնված «յուղը վրեն» զենքերը նվիրաբերվեցին ադրբեջանցիներին. Բաբայանը դիմում է դատախազությանը
Ներքաղաքական
«Հանրային ազդարար» ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով տեղեկատվություն՝ չորս հարցի շուրջ.
1. Ինչո՞ւ 44 օրյա պատերազմից հետո՝ գրավյալ տարածքներից, եթե կուզեք ազատագրված տարածքներից, ինչպես նաեւ Արցախից զավթած տարածքներից չեն հանվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զինամթերքը: 2020 թվականի նոյեմբերից հետո, երբ այդ հնարավորությունը դեռ կար, ինչո՞ւ այն չի բաժանվել սահմանային գյուղերի բնակիչներին: Ո՞վ էր պատասխանատու հրամանատարն այդ ընթացքում տարբեր ուղղություններում:
2. Ինչո՞ւ պատերազմից հետո՝ իմանալով ռուսների վարքագիծը եւ մեր հրաժարումը Արցախից, չկազմակերպվեց այդ սպառազինության դուրս բերումը, երբ այն գնվել էր ՀՀ հարկատուների հաշվին։ Ո՞վ է պատասխանատու այդ գործողության տապալման համար:
3, Ինչո՞ւ նորընտիր ԱՀ ղեկավարը չբաժանեց այդ զենքը, որը փաստացի ՀՀ սեփականությունն էր: Եթե չէր բաժանվելու զորքին կամ բնակիչներին, ինչու ՀՀ ղեկավարի հետ պայմանավորվածությամբ դուրս չբերվեց ՀՀ տարածք, մասնավորապես՝ հաշվի առնելով այդ զենքի պատկանելիությունը։ Տեւական ժամանակ ՀՀ-ն չի կարողանում ձեռք բերի զենք, մինչդեռ առաջին կատեգորյայի, «յուղը վրեն» զենքերը, հավանաբար պայմանավորվածությունով Ադրբեջանի հետ, այդպես նվիրաբերվեցին ազերներին:
4. Մինչեւ ե՞րբ ՀՀ կառավարիչների ոչկոմպետենտությունը պետք է օրհասականորեն անդրադառնա ՀՀ հարկատու քաղաքացիների վրա:
«Պահանջում եմ վարույթներ... Կատարե՛ք Ձեր գործառույթները, չէ որ դուք էլ ունեք պարտավորություններ ՀՀ-ի առջեւ», - ընդգծել է Ս. Բաբայանը: