Սիրելի երիտասարդություն, ելե՛ք ոտքի, մի՛ թողեք ստրկացնեն ձեզ ու ձեր սերունդներին. Վահագն Չախալյան
ՆերքաղաքականՀայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ դիմել է երիտասարդությանը:
«Երիտասարդությո՛ւն, դիմում եմ ձեզ։
Մի՛ վհատվեք, մի ՛ հուսահատվեք, նախաձեռնե՛ք եւ շարժվեք առաջ։ Ավագ սերնդին (քաղաքական) մի՛ լսեք, նրանք մսխել են հնարավորինը, նրանք իրենց իմացածով կործանել են հնարավորինը։ Նրանց կոռումպացված ուղեղներին հասու չէ Ազգայինը եւ Աստվածայինը։ Ավագ սերունդն այսօր, ոչ թե Հայրենիք, այլեւ սեփական կաշին եւ ունեցվածքը փրկելու խնդիր է լուծում։
Սիրելի երիտասարդություն, դուք եւ միայն դուք եք համարձակը եւ արին։ Կամքով, կյանքով եւ վճռականությամբ լին։ Սիրելի երիտասարդություն, ելե՛ք ոտքի, մի՛ թողեք վերջնականապես հանձնեն Արցախն ու Հայաստանը, մի՛ թողեք ստրկացնեն ձեզ ու ձեր սերունդներին։ Մի՛ հանդուրժեք անհանդուրժելին։ Հավատացեք, ձեզանից լավ, ոչ մեկ չգիտի, թե ինչ անել։
Մի՛ լսեք մեծախոսներին ու պոռոտախոսներին։
Դեռեւս ոչ մեկ Նիկոլ չի տապալել եւ ոչ մեկ իրավունք չունի իր իմացածը, որպես 100% -անոց ճշմարտություն փաթաթել ձեր վզին եւ հրահանգել, թե ինչ անել։
Սիրելի երիտասարդություն, սո՛ւտ է այն թեզը, որ ամենինչ կորած է եւ ոչինչ չենք կարող փոխել, դուք կարո՛ղ եք, ձեր էներգիան ու մոտիվացիան բարձր է ցանկացած կոռումպացվածի, ցանկացած թալանչիի, ցանկացած հայրենածախի, ցանկացած պաշտոնամոլի եւ կարերիստի էներգիայից ու մոտիվացիայից։
Սիրելի երիտասարդություն, մի՛ վախեցեք, թե փորձ չունեք, համաշխարհային պատմության մեջ դեռեւս ոչ մեկ փորձով չի ծնվել, փորձը ձեռք է բերվում պայքարի մեջ։ Մի՛ վախեցեք սխալվելուց, ավելի լավ է գործել թեկուզ մեկ-մեկ էլ սխալվել, քան թե անտարբեր մնալ արցախակործան, հայաստանակործան այս գործընթացների հանդեպ եւ դառնալ Հայոց Պատմության անփառունակ վախճանի, անփառունակ վկան։
Սիրելի երիտասարդություն, բիձեքի սպիտակ մազերը հարգել պետք է, նրանց անցած ճանապարը հարգել պետք է, բայց վախկոտ, մորթիապաշտ խորհուրդներն անտեսեք, թույլ մի տվեք նրանց պատած թուլամորթությունը եւ վատատեսությունը փոխանցվի ձեզ։
Սիրելի երիտասարդություն, հավատացե՛ք ինքներդ ձեզ, ձեր ուժերին, ձեր խելքին, ձեր լավատեսությանը, ձեր արիությանը եւ ձեր կորովին։ Դո՛ւք եք Հայաստանի փրկության միակ օղակը, միակ փրկօղակը, մնացած բոլոր օղակները կամ ջարդված ու փշրված են, կամ գնված ու ծախված։
Սիրելի երիտասարդություն, ելե՛ք ոտքի, լսեք ձեր սրտի եւ հոգու կանչին, լսեք ձեր երազանքին, լսեք Արցախի, Հայաստանի, Նախիջեւանի եւ Վանի կանչին , հավատացեք դու՛ք կարող եք եւ միայն դո՛ւք եք կարող», - գրել է Վահագն Չախալյանը: