Ոմն Մագդա խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց բերման է ենթարկվում Տարոնը. սադրանք՝ ակցիայի ժամանակ
Ներքաղաքական
Կառավարության դիմաց սեպտեմբերի 29-ին` «Այս շարժումը որեւիցե կուսակցության պրոյեկտ չէ, սա համազգայնի զարթոնք է» պաստառով իրազեկման ակցիայի մասնակիցներին Մագդա անունով մի կին ամեն կերպ փորձեց սադրել: Նա նախ վիրավորանքներ էր հնչեցնում, մասնավորապես թիրախավորելով ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ապա ստահոդ լուրեր էր տարածում ակցիայի բոլոր մասնակիցների հասցեին՝ հանրայնացնելով իր «օպերացիան» նաեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Ընդ որում՝ ոստիկանության ներկայացուցիչները ոչ թե ջանքեր էին գործադրում սադրանքի դեմն առնելու ուղղությամբ, այլ առանձնազրույցներ էին ունենում նրա հետ:
Արդյունքում բերման ենթարկվեց ոչ թե սույն տիկինը, այլ Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ, քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից-հաշմանդամ ՏԱՐՈՆ ԴԱՎԹՅԱՆԸ: Այս մասին «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:
«Տարոնի դեմ ուզում էին քրեական գործ հարուցեին, բայց արդեն ազատ արձակեցին: Ինչպես տեսաք, ակցիայի ժամանակ մի կին ոստիկանների ուղղորդմամբ՝ սադրում էր: Այդ կինը, որը երիտասարդների ակցիայի հետ կապ չուներ, զինված հեղաշրջումից էր խոսում: Նույնիսկ ոստիկաններին կեսկատակ ասացի, որ եթե ես ընդամենը բարձրախոսը վերցնեմ, ինձ կձերբակալեիք միանգամից, հիմա այս կինը եկել է, կողքներս կանգնել է ու զինված հեղաշրջման կոչեր է անում, ինչպե՞ս է ստացվում, որ անտարբեր կանգնած եք: Ինչեւէ, այդ կինը նախ ոստիկանների մոտ էր կանգնած, հետո միանգամից գալիս է Տարոնի ուղղությամբ ու սկսում է նրա հասցեին ինչ-որ բաներ գոռգոռալ: Տարոնն ընդամենը հեռախոսը հրեց եւ ասաց, որ մի կողմ տանի: Այնուհետեւ այդ կնոջ հրապարակած տեսանյութում տեսնում ենք, որ նա ոստիկաններին մեկ առ մեկ անուններով ճանաչում է, անվանական դիմում նրանց եւ ինքն էլ որոշում, թե որ ոստիկանի հետ գնա բաժանմունք՝ բողոք գրելու համար»,- ասաց Վ. Չախալյանը՝ հիշեցնելով, որ տարբեր ակցիաների ու հանրահավաքների ժամանակ նույն ոստիկաններն անգամ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս իրենց նկարահանել, հետեւապես աբսուրդ է նման միջադեպի համար բերման ենթարկել մի անձի, որն անգամ ճանճին վնաս չի տա: