Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. Կրեմլ
ՄիջազգայինԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ նույնիսկ այն հայտարարությունից հետո, որ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով URA.RU-ի հարցին։
«Իհարկե, խաղաղության պայմանագիրն արդի է։ Ծրագրեր կան տարածաշրջանում զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունն ու նյութատեխնիկական ապահովումը։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին: Ըստ հրամանագրի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
Մինչդեռ Արցախի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Արցախում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից անմիջապես հետո։