Հայի տան ճրագը չի՛ մարելու. Ադամ Բարրո
ՄշակութայինՀոկտեմբերի 3-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված եւ սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաեւ առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի եւ «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։
«Իմ պարտքը եւ ցանկությունն է եղել վեր հանել անարդարացիորեն մոռացված Հայ դասականի փառահեղ կոմպոսիզտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, նրա 120-ամյակի առիթով։ Արվեստը մեծ ուժ կարող է փոխանցել, սփոփել վերքերը եւ հենց այդ միտքն ինձ դրդեց, որ կոչ անեմ իմ ընկերներին՝ հայ դասական երգի աստղերին, համախմբված նշելու Խաչատրյանի 120-ամյակը։ Չափազանց հուզիչ են մեր այն hերոսածին մայրերի պատմությունները, որոնց անգին զավակներն ընկան հանուն Հայրենիքի եւ հրեոսածին մայրերը կրկին անգամ ուժ գտան մայրացան՝ մեր ապագան կերտող զավակներ պարգեւելու համար», - ասում է համերգի կազմակերպիչ ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան):