Փաշինյանը լրագրողից դարձավ վարչապետ, իսկ հիմա էլ՝ հաղորդավար
ՆերքաղաքականՀայաստանում եւ Արցախում ստեղծված ծանր կացությունը անտարբեր չի թողնում ոչ մի հայրենատար անձի. մի կողմից խոցված, լքված, կոտրված մեր հայրենակիցների բռնագաղթն է դեպի Գորիս, մյուս կողմից ձերբակալություններն են, իսկ դրան գումարած մեկը մյուսին հաջորդող գույժը, որոնցից ամենացնցողը հունվարրի մեկից Արցախի գոյության բացակայությունն է։
Այլ է իրադրությունը իշխող կողմում, օրինակ, գործադիրի նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը հմուտ հաղորդավարի կեցվածքով տեղեկացնում էր, թե` որ այսպես շարունակվի, Արցախում հայ չի մնա։ Գործադիրի մյուս անդամներն էլ փորձում էին պատմել, թե ինչ հսկա աշխատանք են տանում այս վիճակը մեղմելու համար: Ու սա ուղեկցվում էր պարբերաբար Փաշինյանի միջամտությամբ. հարցեր էր տալիս ու իր կողմից ավելացումներ անում։
Պատկերն ավելի գորշ գույներ են ստանում, երբ տեսնում ենք, թե ինչ են անում փաշինյանամերձ քարոզչական ապարատը, նրանք լծված են եղելության մեղքը բարդելու տարբեր կառույցների վրա, սլաքներ են ուղղում մե՛կ եկեղեցու հասցեին, մե՛կ ընդդիմության, մե՛կ ռուսների, մի խոսքով` բոլոր հնարավոր կառույցների, բայց, օրինակ, Փաշինյանի ու նրա ընտրողների մասին խոսք չկա։
Արցախցիների հանդեպ ատելության խոսքի ահռելի գեներացում կա, սակայն այս հարցում պատկան մարմինները քար լռություն են պահպանում, չեն պատժվում տիկտոկերները, ովքեր պարբերաբար հայտարարում են, թե փակեք սահմանները, թող նրանք Հայաստան չգան, որ արյունահեղություն չլինի: Չեն պատժվում անհիմն հայտարարություններ անողները, թե որոշ ուժեր օգտագործելու են արցախցիններին արյունոտ հեղափոխություն կազմակերպելու համար։
Իհարկե, վերոնշյալը դեռ ունենալու է իր տրամաբանական հետեւանքները ու մեզ այս հարցում ոչ թե պետք է հմուտ հաղորդավար` Փաշինյանի տեսքով, այլ քաղաքական գործիչ, ով իսկապես կարող կլինի ատելության առկա մաղձը թուլացնել, իր ժողովրդին համախմբել եւ նոր մարտահրավերներին դիմակայել: Այս հմտությունների բացակայության եւ ոչ հայկական մտածողության պատճառով ենք հայտնվել այս անդառնալի արհավիրքի մեջ ու պետք չէ պնդել, թե ինչու սա այսպես չի անում, նա այնպես չի անում, «անողները», որոնք «հաղորդում» են վարում ու ամեն բան ներկայացնում են երկրորդ կամ երրորդ դեմքով, այդ մարդկանց է հարկավոր կանչել պատասխանատվության։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ