ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարություններին
Միջազգային
ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է «անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, բացի մերժումից»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի վերջին սենտենցիաները (բարոյախրատական ասույթներ-խմբ) հաստատում են մեր ավելի վաղ եզրակացությունները, որ Արևմուտքից ներշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված գործընթացները, մեր իսկ երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային են։
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։ Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ.Վ.Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Ն.Վ.Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ:
Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, որոնց մասին Փաշինյանը նախընտրեց լռել:
Մեր երկիրը, չնայած հանրապետությունում ռուսական ընկերությունների համար արհեստական դժվարություններ ստեղծելու մասին ավելի ու ավելի հաճախակի հնչող ազդակներին, անշեղորեն վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի աճի կուրս ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այսօր դրանք ցուցադրում են ռեկորդային դինամիկա՝ նպաստելով Հայաստանի տնտեսության տպավորիչ աճին և քաղաքացիների բարեկեցությանը։
Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին՝ չնայած Հայաստանի առանձին ներկայացուցիչների՝ հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջընթացը դանդաղեցնելու փորձերին։