Կամ ապահովում ես երկրիդ ու քաղաքացուդ անվտանգությունը, կամ հեռանում. Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Հարյուր և ավել տարիներ հայացքներս հյուսիս ու հարավ գցած օգնության ակընկալիքով ունեցել ենք այն, ինչը որ ունենք այսօր։ Անգամ թղթե շերեփի պատմությունն է հայտնի։ Այսօր նույն պատմությունը։
Ցավոտ, բայց անհրաժեշտ է արձանագրել հետևյալ փաստը.
Ինքդ քեզ պետք է օգնես, որ հարգեն, որ հետդ հաշվի նստեն, իսկ իշխանավորի համար անհրաժեշտ է գրել օրենք, որի ուժով արգելել իր քաղաքացու հետ խոսելիս, հաշվետվություն տալիս խոսել միջազգային կառույցների լավ ու վատ աշխատանքից, պարտավորություններ կատարել, չկատարելուց։
Հայաստանի Հիմնական Օրենքը, սահմանադրությունը պոզիտիվ պարտավորություն է դնում իշխանավորի վրա ապահովելու քաղաքացու անվտանգությունը, այդ թվում՝ գույքային։ Սահմանադրության բաղկացուցիչ մաս համարվող հռչակագրի ուժով նաև արցախցու անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, ռուսն ու ամերիկացին չեն, ուստի կամ ապահովում ես, կամ հեռանում ես, կամ արտահերթ ընտրություններ է նշանակվում։ Ավելին, պատմությունը ցույց է տվել, որ փողոցից եկած իշխանությունը դառնում է կրակ ու պատիժ իր քաղաքացու համար, ուստի այս օրերի փողոցային նման գործողություններն, իրավամբ, հղի են վտանգավոր հետևանքներով բարիկադի երկու կողմերի համար էլ, այդ թվում՝ կարող են աղերս ունենալ պետական անվտանգության հետ կապված։
Հետևություն. Կամ ապահովում ես երկրիդ ու քաղաքացու անվտանգությունը, կամ հայտարարում ես, որ չես կարող ու հեռանում ես, կամ այս լարված իրավիճակը հանդարտացնելու համար նշանակում ես համապետական արտահերթ ընտրություն՝ պահպանելով կարգ ու կանոնը։
Փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ