Կան երկու կատեգորիայի մարդիկ, որոնք գտնվելով քաղաքականության մեջ, խիստ վտանգավոր են մեր ժողովրդի համար. Այվազյան
Ներքաղաքական«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ հիշեցնում է, որ 1924 թ. Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին իր աշխատությունում հստակ բացատրել է, որ Հարավային Կովկասը կարող է լինել կամ Թուրքիայի, կամ Ռուսաստանի ազդեցության տակ։
«Այս առումով, կան երկու կատեգորիայի մարդիկ, որոնք գտնվելով քաղաքականության մեջ, խիստ վտանգավոր են մեր ժողովրդի համար`
1. Հակասովետ, հակառուս, հակաՌուսաստան անձինք։
2. Արեւմտյան պրոեկտի «ազգայնականներ»:
Առաջին կատեգորիայի մարդիկ քաղաքականության մեջ վտանգավոր են, որովհետեւ Ռուսաստանի հանդեպ իրենց այս կամ այն բացասական վերաբերմունքը կամ Ռուսաստանի այգին քար գցելու ցանկությունը, մեր ժողովրդի համար ճակատագրական պահերին թույլ չի տալիս կայացնել, միգուցե ոչ պոպուլյար, բայց ճիշտ որոշումներ։ Այս մարդկանց մոտ, որպես կանոն, հակառուսականության ԵՍ-ը հաղթում է պրոռուսական կողմնորոշում ունենալու կենսական անհրաժեշտության գիտակցությանը։
Երկրորդ կատեգորիայի մարդիկ վտանգավոր են քաղաքականության մեջ, որովհետեւ իրենք փորձում են ժողովրդին համոզել, որ մենք ոչ մեկի կարիքը չունենք, որ մենք ինքնուրույն կարող ենք ոտքի կանգնել։ Ինչն, իհարկե, սուտ է, ավելին` կուտ է։ «Ազգայնականության» մոլուցքը, իրականում ԵՍ-ը, այստեղ նույնպես հաղթում է պրոռուսական կողմնորոշման անհրաժեշտության գիտակցմանը։
Իրական հայ ազգայնականի արտաքին կողմնորոշումը կարող է լինել խիստ մոտիվացված պրոռուսական, քանի որ միայն ռուսական կառավարման մոդելն է հնարավորություն տալիս մեր ազգային արժեհամակարգի եւ ընտանիքի շուրջ ստեղծել արտաքին ազդեցություններից եւ հարվածներից պաշտպանող պատնեշ։ Հենց այս գիտակցմանը, իր կյանքի վերջին տարիներին, եկավ Գարեգին Նժդեհը», - գրել է Հ. Այվազյանը։