Թիվ մեկ խնդիրը Փաշինյանի հեռացումը չէ՛, ընդդիմությունը սխալ օրակարգ է որդեգրել. Նահապետյան
ՏեսանյութերԱրցախում ստեղծված իրավիճակի եւ դրան զուգահեռ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:
«ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԱՎԵՏՔԻ ՉԱԼԱԲՅԱՆԸ ՍՐԱ ՏԱԿԻՑ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
— Ոմանք վստահ էին, որ հայ–ամերիկյան զորավարժությունները կանխելու են պատերազմը, ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ:
— Ավելի լավ է ուրիշ «պլան» քաշեն կամ էլ հոգեբուժարանում համար 6 պալատ կա, թող գնան այնտեղ վեր ընկնեն: Ռուսները մեզ ասում են` ժամ առաջ ստորագրեք` համատեղ զորավարժություններ անցկացնելու փաստաթուղթ, զորքերը բերենք: Կարող ենք նաեւ Իրանին հրավիրել` խիստ վատթարագույն սցենարը կանխելու համար, Չինաստանին` եւս: Եթե մեր դաշնակից երկրները, որոնք այս տարածաշրջանում շահեր ունեն, Հայաստանում մի քանի տասնյակ հազար զորք մտցնեն, Ադրբեջանի համար խնդրահարույց կլինի Հայաստանի նկատմամբ գործողություններ սկսելը, եւ սա փաստ է: Արեւմուտքի համար Արցախը հայաթափելը, ցեղասպանություն իրականացնելն ու բռնություններ կիրառելն իր ռազմավարական ծրագրերն իրականացնելու քայլերից մեկն էր ընդամենը, կա հաջորդ քայլը` «Զանգեզուրի միջանցքը», որով թուրքական աշխարհը ցամաքային կապով կարող է միանալ: Դրանով Իրանն է խոցելի դառնում, խնդիրն Իրանի դեմ պատերազմն է, որն այդ դեպքում անջատվում է Ռուսաստանից` որպես ռազմավարական գործընկեր: Երկու օր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Թեհրանում հանդիպեց իր կոլեգայի հետ եւ շատ հետաքրքիր միտք ասաց: Պարզվեց Իրանի հյուսիսային հարեւանը, որտեղ խնդիրներ կան, Հայաստանն ու Արցախն է: Հետեւաբար, այստեղ թիվ մեկ խնդիրը, որպեսզի կորուստներ չունենանք` ո՛չ մարդկային, ո՛չ տարածքային, Փաշինյանի հեռացումը չէ՛: Փաշինյանն ասում է` չեմ հեռանում, ե՞ւ… Ժողովուրդը հավաքվում է փողոցում, ոստիկանությունն ուժ է կիրառում, ե՞ւ… Փաշինյանը կասի` համարժեք եմ կիրառել, ԱՄՆ–ն էլ բերանը կփակի` ինչպես նախորդ երկու մեծ ցույցերի ժամանակ: Ավելին` ծափ էին տալիս, թե` ապրի Փաշինյանը, լավ բարեփոխումներ է անում: Հիմա այս ամենի տակից հրապարակում ելույթներ ունեցող Վազգեն Մանուկյանն ու Ավետիք Չալաբյանը սրա տակից ինչպե՞ս են դուրս գալու:
— Պարոն Նահապետյան, իսկ ի՞նչ անեն մարդիկ, վերադառնան տո՞ւն ու ոչինչ չանե՞ն:
— Երբ դու Փաշինյանի հրաժարականն ես ուզում, նրա կողքը կոնսոլիդացվում են իրեն մոտ ու հեռու ուժերը, որոնք փոխկապակցված են իր հետ: Փոքր խմբակ կա, որոնք Փաշինյանի որոշումների վրա բառացիորեն ազդեցություն ունեն եւ կարեւոր պաշտոններ են զբաղեցնում` սկսած իր տիկնոջից: Սա առաջին խումբն է: Երկրորդը` կառավարությունն է եւ Ազգային ժողովը, որոնք որոշում կայացնող մարմիններ են: Դրանից հետո գալիս է «Քաղաքացիական պայմանագրի» շտաբներն ամբողջ հանրապետությունում, որոնք հազարավոր մարդիկ են: Ես չեմ ասում, թե նրանք գաղափարական առումով են մտել ՔՊ, բայց նրանք կան: Եվ կա չորրորդ շերտը, որոնք Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ համարող էլի հազարավոր մարդիկ են, եթե ոչ տասնյակ հազարավոր: Եվ երբ դու ասում ես` Փաշինյանի հրաժարականն եմ ուզում այս պահին, այս չորս շերտին կոնսոլիդացնում ես նրա շուրջը: Ստացվում է` մի կողմում ընդդիմությունն է` մոտ 50 հազար մարդով, մյուս կողմում Փաշինյանն է` այս չորս շերտով, եւ ոստիկանությունը, որն օրենքով իրավունք ունի` ուժ կիրառելու: Արդյունքում տեղի է ունենում բախում: Կասկած չունեմ, որ բախման ժամանակ Ալիեւը կարող է մի քանի տեղից հարվածել: Ինչո՞ւ Արցախում սկսվեցին ռազմական գործողություններ, որովհետեւ Երեւանի ավագանու ընտրություններում Փաշինյանը պարտվել էր, եւ նրա հայ–հայը գնացել, վայ–վայն է մնացել: Եվ երբ գործնականում փողոցով սկսվում է իշխանափոխության գործընթացը, չկասկածեք, որ Ալիեւն էլ սկսելու է ռազմական գործողություններ:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՍԽԱԼ ՕՐԱԿԱՐԳ Է ՈՐԴԵԳՐԵԼ»
— Եթե ոչ փողոցով, ինչպե՞ս պետք է տեղի ունենա իշխանափոխությունը:
— Իշխանափոխությունը հիմա առաջնահերթ խնդիր չէ: Ես պատահական չնշեցի վերոնշյալ չորս շերտերի մասին: Պատկերացրեք, եթե այլ օրակարգ դնի ընդդիմությունը եւ ասի` Փաշինյան, մենք քո հրաժարականը չենք ուզում, բայց քանի որ մեր երկրի սահմաններն անպաշտպան է, ուրեմն` ստորագրի փաստաթուղթ, որով ՀԱՊԿ–ը, Իրանը եւ Չինաստանն այստեղ զորքեր կբերեն: Այդ ժամանակ իր համախոհները` նշածս չորս շերտը, որոնք նաեւ սահմաններում են ապրում, ասելու են` ընդդիմությունը ճիշտ է ասում, չի ասում` Փաշինյան, գնա՛, այլ ասում է` մեր սահմաններն անպաշտպան են, զորք բեր: Այդ դեպքում` նշածս շերտը, եթե կողմ էլ չլինի ընդդիմությանը, այս օրակարգին հաստատ դեմ չի լինի: Ամբողջ հանրապետությունում Քաղպայմանագրի գրասենյակները Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսներն են, եւ այս դեպքում նրանք էլ են սկսելու մտածել, որ պետք է երկրի սահմանները պաշտպանել, որ չկոտորվենք: Այսպիսով` նման օրակարգի դեպքում, այս շերտն էլ կհեռանա Փաշինյանից: Ինչ վերաբերում է կառավարությանը եւ Ազգային ժողովին, վստահաբար կեսից ավելին ասելու են` Փաշինյան, ստորագրի՛, զորավարժություն արա՛, որ զորք գա Հայաստան, եւ երկիրը պաշտպանված լինի: Վերջին հաշվով` կմնա ինքն ու իր մի քանի հոգին: Այսինքն` իր վրա մի կողմից արտաքին ճնշում կիրականացնի ընդդիմությունը` իր մեծ քանակով, երկրորդը` իր շրջանակները կճնշեն: Նա կմնա մենակ: Նիկոլին իր կինն արդեն կասի` կորցնելու ենք ամեն ինչ, ստորագրի, թող զորք գա: Եթե ստորագրեց եւ զորք եկավ, սահմանները պաշտպանված եղան, Ալիեւը ոչ մի քայլ առաջ չեկավ, այդ ժամանակ թող ընդդիմությունը նստի եւ Փաշինյանի հետ խոսի: Թող ասեն` կա՛մ հանձնում ես իշխանությունը` առանց փողոցի, սահուն կերպով քո այսինչ տեղակալին, կա՛մ կլինի այն, ինչ կլինի:
— Բայց հրապարակում ձեւավորված ընդդիմադիր հարթակի հռետորաբանությունն այլ է…
— Ասում են` Ռուսաստանը մեզ «խուրդեց», մենք լինեինք իշխանության, հաստատ քիչ կորուստներ կտայինք: Փաշինյանը շատ է տվել, ռուս–թուրքական դաշինք կա եւ այլն: Բա հիմա Ռուսաստանի մասնագետները լսում են այդ ելույթները եւ եզրակացնում` կա Փաշինյան, եւ կա ընդդիմություն, որն ասում է` ռուսները բոբո են: Ընդ որում` Փաշինյանը մի 10–15 օր է, որ Ռուսաստանի դեմ կտրուկ հայտարարություններ է անում: Իսկ ընդդիմությունը, դեռ իշխանության չեկած, ասում են, որ ռուսները վատն են, դավաճանել են, մեզ ծախել են: Ու այս իրավիճակում Մոսկվայում նստած մտածում են` մեզ ո՞վ է ձեռնտու` Փաշինյա՞նը, թե՞ այս ընդդիմությունը, որը հայտ է ներկայացրել իշխանությունը վերցնել: Ռուսները գտնում են, որ եթե սրանք եկան իշխանության, ի՞նչն է տարբերությունը նույն Արեւմուտքի նավակի մեջ են: Այսինքն` Վազգեն Մանուկյանի հակառուսական հայտարարությունները Հանրապետության հրապարակից Փաշինյանի իշխանությունն ուժեղացրեց, ոչ թե թուլացրեց: Եվ թուլացրեց ոչ միայն Ռուսաստանի ուժային կենտրոնում, այլ նաեւ` Իրանի: Իրանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, նրանք նայում են Հանրապետության հրապարակից հնչող ելույթներն ու հարց տալիս` փաստորեն, Արեւմուտքին ասում եք` էստի համեցե՞ք: Գոնե հիմա Նիկոլն է նստած, որը խոցելի է եւ իր վրա լծակներ կան` այս կամ այն ձեւով: Չինաստանն էլ է հետում եւ ասելու է` չհասկացա, Վազգեն Մանուկյա՞նն է իր թիմով` Ավետիք Չալաբյանի հետ գալու իշխանության: Ընդդիմությունն այսօր սխալ օրակարգ է որդեգրել: Օրակարգը փոխում ես Փաշինյանի կառավարման բուրգը փլուզվում է, իր համախոհներն ասում են` մեր տները սահմաններում են, անպաշտպան են, զո՛րք բեր, զորավարժություն արա՛:
— Կարծում եք` նույն Ձեր նշած երկրները կհամաձայնե՞ն այս իրավիճակում գալ զորավարժությունների:
— ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգ անգամ է ասել այդ մասին, հոգնեցին ասելով: Ես քաղաքական գործիչ չեմ, փորձագետ եմ, որն իրավիճակ է գնահատում` իր փորձառության միջոցով: Հիմա քաղաքական գործիչները որոշում են կայացնում` Փաշինյան հեռացիր, ես էլ եմ ասում, բայց այս պահին առաջնահերթը դա չէ: Որ պահին գնաց իշխանափոխության գործընթաց փողոցով, Ադրբեջանը խփելու է, կասկած չունենաք: Համոզված եմ, որովհետեւ նույն բանը մենք արել ենք 1992–94 թվականներին Ադրբեջանի հետ, որովհետեւ իրենց մոտ բարդակ էր տիրում` իշխանությանը փոխելու համար: Այդ ժամանակ մեր տարածքների զգալի հատվածը հաջողվեց ազատագրել: Մինչդեռ ի՞նչ է անում ընդդիմությունը, այն ուժային կենտրոնին, որը մեր ռազմավարական գործընկերն է եւ շահեր ունի այս տարածաշրջանում, քացով հետույքին է խփում: Սա՞ է քաղաքականությունը: Կարո՞ղ է Վազգեն Մանուկյանը Փաշինյան Նիկոլի հետ պայմանավորվել է` ես այսպես խոսեմ, որ նույն Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանն ասեն` մեզ ձեռնտու է, Փաշինյանը թող մնա: Ավելին ասեմ` նրանք, ովքեր հարթակում էին երեկ, այսօր եւ վաղը Փաշինյան Նիկոլի կողքը կանգնած են եղել 2018 թվից, նրան էին պաշտպանում, թե՞ մտածում են, որ մենք հիշողության կորուստ ունենք: Հերթական սխա՞լն են անում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.