Հայկոյին ձայն տված երեւանցին դժգոհ էր մեր իշխանությունից, դա փաստ է, այ սա մեզ համար ահազանգ պետք է լինի. Հովիկ Աղազարյանը` ընտրությունների արդյունքների մասին
Ներքաղաքական
«Ընտրությունների արդյունքները, անկասկած, առաջին հերթին մեզ համար ահազանգ պետք է լինեն, որ մեր ընտրողները, մեր հայրենակիցները որոշակի դժգոհություն ունեն մեր իշխանության կողմից վարվող, ըստ երեւույթին, ներքին եւ արտաքին քաղաքականության նկատմամբ: Առաջին հերթին պետք է այս հանգամանքը անալիզ արվի, եւ ուղղումներ մտցվի առկա դժգոհությունների վերաբերյալ: Այսինքն կարող ենք միանշանակ ասել, որ, օրինակ Հայկոյին ձայն տված երեւանցին դժգոհ էր մեր իշխանությունից, դա փաստ է, ու մենք ա՛յ դրա վրա պետք է ուշադրություն դարձնենք»,անդրադառնալով ընտրությունների արդյունքներին մեզ հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ:
-Իսկ բացառո՞ւմ եք, որ ընդդիմադիր ուժերը կուալիցիա կազմեն եւ վերցնեն քաղաքային իշխանության ղեկը:
-Չեմ բացառում, որ նման սցենարի ականատես լինենք, բայց դա չի նշանակում, որ մեր ժողովուրդը դժգոհ է ողջ կենտրոնական իշխանությունից, չէ` չկա նման բան:
-Չե՞ք վախենում, որ քաղաքային իշխանությունը վերցնելուց հետո, ամբողջ իշխանությունը վերցնեն:
-Վստահաբար ոչ, որովհետեւ ժողովուրդը տեսել է մեր նվիրումը, մեր արժեքները: Ուղղակի այս ընտրությունները մեզ համար ահազանգ են, որ պետք է վերանայենք մեր ներքին եւ արտաքին քաղաքականությունը, ուրիշ ոչ մի բան: Ոչ ոք չի կարող ժողովրդի վստահությունը մեզանից խլել, մենք սխալներ ունենք, ու դա ցույց տվեց ընտրությունը, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը մեզ էլ չի վստահում, պարզապես ժողովուրդը մեզ ասում է, ուղղեք Ձեր սխալները: