ՔՊ-ում աշնանային սրացումներ են
ՆերքաղաքականՄեկնարկեց Ազգային ժողովի ութերորդ գումարման աշնանային նստաշրջանի աշխատանքները: Ուշագրավ էր այն, որ մեկնարկը հատկանշվեց ոչ թե ընդդիմադիր եւ իշխանական օրենսդիրների միջեւ ինտրիգներով, այլ միջքպական շրջանակների աշնանային սրացումներով:
Պարզվում է` առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ սրտով չէր նույն խմբակցության պատգամավորներ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ նրա մտերիմ ու տեղակալ Լուսինե Բադալյանի հեղինակած օրենքի նախագիծը` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»: Նշենք, որ օրինագծով նախատեսվում է, համապատասխան օրենքը լրացնել նոր նախադասությամբ, այն է` «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն` ավտորիզացիոն նամակի եւ ծագման սերտեֆիկատի առկայության դեպքում»: Իսկ Ա. Թորոսյանի կարծիքով` այս նախագիծը հակամրցակցային է եւ խտրական: Նա նույնիսկ կանխատեսում արեց. «Այս օրենքը, ոչ միայն իր նպատակին հասնելու մասով էֆեկտիվ չի լինելու, այլ նաեւ առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը գների բարձրացումն է լինելու որոշակի ծառայությունների համար: Օրինակ, կան բժշկական հաստատություններ, որոնք լրիվ նույն ստենտը սրտի դնում են մեկը` 110 հազար դրամով, մյուսը՝ 65 հազարով, հիմա այդ նույն 65 հազար դրամով դնողը նույն ստենտը դնելու է 110 հազար դրամով, առանց որեւէ որակի բարելավման: Ինձ համար անհայտ է մնում, թե ինչպես են, այս ամենը ստուգելու, որ հենց այնպես տեղի ունենա, ինչպես օրենքում է գրված»:
Թորոսյանի դիտարկումն անպատասխան չմնաց, նրան շշպռեց հենց օրինագծի համահեղինակ Լ. Բադալյանը` ասելով. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ Արսեն Թորոսյանը, որը նախկինում պայքարում էր մեր երկրում բժշկական ծառայությունների որակի բարձրացման, եւ ընդհանրապես բարձրագույն արժեքների համար, որը երբեւէ որեւէ բիզնես շահ չի ունեցել, այսօր հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, թե մենք պատրաստվում ենք վնասել ինչ–որ մեկի բիզնես շահերին՝ առանց որեւէ ազատ մրցակցություն ստեղծելու»:
Բանը հասավ նրան, որ նույնիսկ Նարեկ Զեյնալյանը, որը դժվար է հիշել, թե երբ է կոշտ ելույթ ունեցել, պաշտպանեց Լուսինե Բադալյանին ու, այսպես ասած, տեղը դրեց Արսեն Թորոսյանին, ում առնվազն կինը, որի անվան հետ կապվում է կոնկրետ հիվանդանոց, թերեւս, այս օրինագծի հետ կապված, չի բացառվում, որ ունի անձնական խնդիրներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ