Որպեսզի նոր փորձանք չգա մեր գլխին, պետք է արցախում տեղի ունեցած փոփոխությունը բերել Հայաստան. Ղազարյան
Ներքաղաքական
Մինչեւ այս պահը Հայաստանի իշխանություններից ոչ ոք չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Անդրադառնալով վերոնշյալին` ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի շնորհավորում Արցախի ժողովրդին` գերության մեջ գտնվող փրկության ճրագ հանդիսացող իրադարձության` Արցախի նախագահի ընտրության կապակցությամբ, բայց օգոստոսի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին` Լուսնի հարավային բեւեռում Չանդրայան երեք տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի առթիվ:
— Հնարավոր չէ, որ այս ամենը հենց այնպես անցնի: Կամ, Նիկոլ Փաշինյա՛ն, դու վեր ես կենում, անձամբ գնում, որպեսզի արարողության ժամանակ հոտնկայս ծափահարես այն պահը, երբ վերընտրված Էրդողանն ու Ալիեւը ողջագուրվում են, քեզ կանգնեցնում են այնտեղ, ու դու ծափ ես տալիս Թուրքիայի հենց այն նախագահին, որը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվի Ազատության հրապարակում ընդունել է Ադրբեջանի հաղթական շքերթը եւ ասել, որ ցեղասպանություն իրագործող թուրքերի հոգիները հիմա փառավորվում են, բայց շնորհավորական ուղերձ չե՞ս հղում քո մեղքով գերության մեջ գտնվող Արցախի ժողովրդին՝ նախագահ ընտրելու կապակցությամբ: Բա Արայիկ Հարությունյանի երդման արարողությանն ինչի՞ էիր գնացել, եթե չես կարեւորում Արցախի նախագահի ինստիտուտը: Հուսանք, որ այսքանից հետո Արցախի նոր իշխանությունը, ի դեմս նախագահի, արդեն իր թիմով, կկայացնի այլեւս Հայաստանի իշխանություններից անկախ որոշումներ, գործողություններ, ինչը որոշակի հույս է ներշնչում: Եվ որպեսզի նոր փորձանք չգա մեր գլխին, պետք է Արցախում տեղի ունեցած փոփոխությունը բերել Հայաստան: