Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
ՆերքաղաքականՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով:
Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը գտնվում է անվտանգային, քաղաքական ու տնտեսական լրջագույն մարտահրավերների հանդիման և իննամսյա փաստացի շրջափակման պայմաններում հերոսաբար մաքարում իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Արցախի արդար պայքարում ներգրավված է ազգի յուրաքանչյուր զավակ, եւ, հավատում ենք, որ համայն հայության հաստատակամությամբ ու ներուժով, ինչպես և միջազգային հանրության աջակցությամբ պիտի կարողանանք հասնել հիմնախնդրի ցանկալի հանգուցալուծմանը՝ հայրենի հողի վրա արցախահայության ինքնորոշման անօտարելի իրավունքի պաշտպանությանը:
Մեծարգո պարոն Նախագահ,
Վկայությունն ունենալով տարբեր բարձր պաշտոններում Ձեր բարեխիղճ, անձնվեր եւ նախանձախնդիր ծառայության՝ լիահույս եք, որ Ձեր փորձառությամբ եւ հեղինակությամբ պիտի նպաստեք Արցախում համերաշխ միասնականության ու համագործակցության մթնոլորտի հաստատմանը եւ ժողովրդի ոգու եւ լավատեսության զորացմանը ՝ ի նպաստ արցախահայության անկախ ու անվտանգ կյանքի եւ բարօր գալիքի կերտման: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր զորակցությունն եք բերում Ձեզ՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնության ներքո հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ հայրենի մեր Արցախ աշխարհի»: