Որ Սուրբ Խաչով է Վեհափառ Հայրապետն օրհնելու Սրբալույս Մյուռոնը (Բացահայտում)
ՏեսանյութերՀոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կօրհնվի Սուրբ Մյուռոնը: Սրբազան այս արարողությանն ընդառաջ` մեր ընթերցողներին կներկայացնենք այն ամենն, ինչ կապված է Մյուռոնօրհնեքի հետ:
Այսպիսով` Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյանի» 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի եւ երանելի այս յուղը մարդուն որեւէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի: Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.:
Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվել է այս Խաչով։Ժամանակին Ամենայն Հայոց Հայրապետը Մյուռոնն օրհնել է Գետարգելի Ս․ Խաչով, որը հայտնի է նաեւ Սեղբեստորոսի Ս․ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ․ հունվարի 6-ին բյուզանդական կայսեր եւ ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը Ջրօրհնեք կատարեց եւ հայոց Մյուռոնը հրաշագործեց։
Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհին խաչափայտի մասունքից նվիրում է նաեւ Հռոմի Սեղբեստրոս հայրապետին, որն էլ իր հերթին՝ Ս․ Գրիգոր Լուսավորչին։ Մատենագրական աղբյուրները վկայում են այս խաչի շնորհիվ կատարված հրաշքների մասին։ Այն երկար ժամանակ պահվել է Ձագավանքում։