«Թաքուն…անխոս»՝ Դիլիջանում եւ Երեւանում. մշակութային գործիչներն անկեղծանում են
Մշակութային
«Թաքուն…անխոս» երգը շարունակում է թեւածել հայաստանյան մարզերում ու մայրաքաղաքում: Սփյուռքահայ գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի «Վերադարձ» ժողովածուում տեղ գտած բանաստեղծության հիման վրա գրված երգի (երաժշտության հեղինակ՝ ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյան, կատարումը՝ հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Անդրանիկ Մալխասյան) եւ տեսահոլովակի շնորհանդեսն արդեն տեղի է ունեցել Վանաձորում, հիմա հերթը Դիլիջանինն ու Երեւանինն է:
Ստեղծագործության հեղինակը նշում է, որ «Թաքուն…անխոսը» մի բանաստեղծություն է, որը նվիրված է հանրությանը:
«Թաքուն... Անխօսը» երգի վերածուած է բանաստեղծութիւնը գրուելէն 40 տարի ետք, պատահականօրէն, բայց երգը ամբողջացուցած է ինչ որ բանաստեղծութիւնը չէ կրցած արտայայտել, եւ կը յուսամ, որ անոնք, որոնք կը լսեն երգը, իսկապէս կ'ըմբոշխնեն եւ կ'ապրին այն պահերը՝ անձին, որ չէ կրցած արտայայտել իր սէրը, որ մնացած է թաքուն ու անխօս», - պատմում է Յակոբ Այնթապլեանը:
Ի դեպ, մի շարք հայտնի մշակութային գործիչներ արդեն իսկ արձագանքնել են «Թաքուն…անխոս» բանաստեղծության հիման վրա ստեղծված երգին: Այդ շարքում ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն ասել է. «Շատ հաճելի է, երբ լսում ես երգ, որը հայերեն է հնչում եւ հայերեն խոսքից է ծնված։ Անչափ զգայուն է գրված, հրաշալի է ներկայացվում եւ, իսկապես, շատ գեղեցիկ գործ է։ Այս հայահունչ երգը հիացնում է ինձ։ Ցանկանում եմ ամբողջ ստեղծագործական կազմին նորանոր հաջողություններ եւ նոր ստեղծագործությունների ծնունդ»։
Իսկ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, կոմպոզիտոր Մարինե Օթարյանն ընդգծում է. «Այս երգը լսելիս զգում ես բանաստեղծի դրամատիկ մտքի փիլիսոփայությունը, որին հիանալիորեն ներդաշնակվել է Մարգարիտ Սարգսյանի ստեղծած մեղեդին։ Շատ լավ է զգացել երաժշտության հեղինակը բանաստեղծին։ Հիանալի է թավջութակի գերիշխող մենանվագը, որն անչափ կարեւոր դերակատարում եւ ասելիք ունի այստեղ։ Ինչ վերաբերում է երգի մատուցմանը, ապա այն պարզապես անզուգական է։ Երգիչը լավագույնս է կատարում այս հրաշալի ստեղծագործությունը։ Շնորհավորում եմ ամբողջ ստեղծագործական կազմին»։
Կանադահայ երաժշտագետ Հասմիկ Ինճեճիկեանը նույնպես տպավորված է «Թաքուն…անխոս»-ով. «Նախ՝ հայերէն բառերու շեշտադրութիւնն, վանկայնութիւնը ու երգայնութիւնը հարազատօրէն կ'արտացոլայ եղանակի ելեւէջներուն ընդմէջէն, նոյնպէս ուշադրութեան արժանի է երգի եւ բառերու շեշտադրութեան համաձայնութիւնը: Մէկ խօսքով՝ եղանակն ու խօսքերը շատ յաջող ընդելուզուած են: Երկրորդ՝ այդ բոլորին վրայ մեկնաբանողի հասկացողութիւնը երգի էութեան եւ ըստ այնմ ապրումը, եւ իր լեզուի մաքրութիւնը, որով կարելի է ամէն բառ առաջին ունկնդրութեան իսկ հասկնալ եւ վայելել: Բարի ճանապարհ կը մաղթեմ այս գեղեցիկ ստեղծագործությանը»:
Երգի երաժշտության հեղինակ ԵՊԿ պրոֆեսոր, երգահան Մարգարիտ Սարգսյանն էլ անդրադառնալով Յակոբ Այնթապլեանի ստեղծագործություններին՝ շեշտւմ է. «Ամեն մի բանաստեղծություն, ամեն մի երգ դա ստեղծագործողի մի մասնիկն է։ Նրանք շատ նման են մադկանց։ Յուրաքանչյուրը տարբեր է, յուրովի։ Բանաստեղծություններ կան, որոնք երբ կարդում ես միանգամից բացվում են ծաղկի պես, լսում ես նրանց տրամադրությունը, սրտի բաբախյունն ես զգում, իսկ բանաստեղծություններ կան, որոնք ժամանակ են պահանջում, իրենք կարծես իրենց գաղտնաբառն ունեն։ Յակոբ Այնթապլեանի բանաստեղծությունները հենց այդ տեսակին են պատկանում, նրանք միանգամից չեն բացվում. նախ ստուգում են ընթերցողի ով լինելը։ Ինձ մոտ անձնապես նման տպավորություն է եղել»։
Նշենք, որ «Թաքուն…անխոս» երգի շնորհանդեսի հաջորդ կանգառը լինելու է օգոստոսի 18-ին, ժամը՝ 18։00-ին Երեւանում՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում, իսկ Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի հանդիպումների սրահում՝ օգոստոսի 20-ին, ժամը՝ 18։00-ին: Ի դեպ, մուտքն ազատ է բոլորի համար: Երգի շնորհանդեսը նշված երեկոներին ներկայացնելուց զատ, նշանավոր գիտնական Յակոբ Այթապլեանը երեւանյան եւ դիլիջանյան հանդիպումների ժամանակ հանդես կգա «Հայոց լեզուն եւ հայրենատիրությունը» խորագրով զեկույցով, որի ավարտին տեղի կունենա համերգ՝ մասնակցությամբ սոպրանո Դիանա Հարությունյանի եւ դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ