Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն եւ մեկ դաշինք
ՆերքաղաքականՍեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն եւ կուսակցությունների մեկ դաշինք։ Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումն իրականացվելու է մինչեւ օգոստոսի 18-ը։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչեւ օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։ Կուսակցությունների, ինչպես նաեւ ավագանու անդամների թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչեւ օգոստոսի 23-ը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաեւ քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: