Փաշինյանի միակ պահանջն ամբողջ աշխարհից իշխանության մնալն է հնարավորինս երկար, ցանկալի է՝ ցմահ. Վրթանեսյան
Ներքաղաքական«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կառուցողական հանդիպում են ունեցել», - հայտարարել էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:
— Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցչի հետ հնարավոր է «կառուցողական» հանդիպում ու քննարկում, մի՞թե այդ «կառուցողական» հանդիպումների «արդյունքում» է, որ գրեթե ամեն օր կրակոցներ են սահմանին, ունենում ենք զոհեր, փաստացի ոչ պատերազմական իրավիճակում:
— Կառուցողական հանդիպումներ ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ, իհարկե, հնարավոր են: Օրինակ, երբ ՀՀ ներկայացուցիչն իրականում թուրք-ադրբեջանական շահերն են սպասարկում Հայաստանում: Մենք հենց այս դեպքի հետ գործ ունենք, Հայաստանի մեդիադաշտը կեղծ օրակարգերով լցնելով՝ նիկոլական վարչակարգն, ըստ էության, զբաղված է քայլ առ քայլ թուրք-ադրբեջանական օրակարգերն առաջ տանելով, ադրբեջանական քարոզչական թեզերը հայկական դաշտում լեգիտիմացնելով:
— Հինգ ամիս է` արցախահայությունը շրջափակման կամ ավելի ճիշտ՝ պաշարման մեջ է, միջազգային հանրությունը լռում է, մեր հայրենակիցները սովի են մատնված, կա ցեղասպանության վտանգ, Արցախը կորցնելու վտանգի առաջ ենք, ՀՀ իշխանությունները բացեիբաց հայտարարում են «Արցախը Ադրբեջանի կազմում է», ո՞վ է այս ամենի մեղավորն ու պատասխանատուն, մի՞թե թեկուզ մեր հասարակության մեջ մարել է պայքարելու ձգտումը, մի՞թե ամեն բան կորած կարելի է համարել:
— Մեղավորն, անշուշտ, այն մարդն է, ով ի պաշտոնե պետք է պաշտպանի Հայաստանի շահերը (իսկ առանց հայկական Արցախի հայկական շահերը պաշտպանելուց խոսելը զավեշտ է), բայց իրականում, ինչպես նշեցի, սպասարկում է թուրք-ադրբեջանական ու նաեւ այլ երկրների շահերը: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ մեզ ցեղասպանություն է սպառնում, բայց որեւէ գործուն քայլ չի անում դրա դեմն առնելու համար՝ ո՛չ միջազգային ասպարեզում, ո՛չ Հայաստանի պաշտպանվելու ունակությունները զարգացնելու առումով:
— Պարոն Վրթանեսյան, հնարավո՞ր է Ադրբեջանը մարտական գործողություններ սկսի Արցախում:
— Այո՛, հնարավոր է: Սակայն մինչ այդ Ադրբեջանը փորձում է առանց զենքի՝ թուղթ ու գրիչով, հնարավորինս զրոյացնել հայկական կողմի պաշտպանական ռեսուրսը: Այդպես ավելի շահավետ է իր համար: Վերջնականապես զինաթափել ՊԲ-ն, կազմաքանդել արցախահայության ինքնիշխանության վերջին տարրերը: Արցախը եթե կարողացավ գրավել, հաջորդիվ կտրուկ ուժեղանալու է ճնշումը Հայաստանի Հանրապետության վրա:
— Իսկ Հայաստանո՞ւմ…
— ՀՀ տարածքում էլ են հնարավոր Ադրբեջանի կողմից ագրեսիվ քայլեր: Ըստ էության, փոքր մասշտաբով դրանք պարբերաբար լինում են. գնդակոծություններ, երբեմն նույնիսկ հրետակոծություններ, մարդկանց առեւանգում ՀՀ տարածքից: Ինչքան թուլացվեն ՀՀ զինված ուժերը, այնքան ավելի է բացվելու Ալիեւի ախորժակը:
— Մեր սահմանապահ զորքերը կարո՞ղ են կանգնել Ադրբեջանի բանակի դեմ դիմաց, ինչպես որ իշխանությունն է հայտարարում, ինչո՞ւ են նման որոշումներ կայացվում:
— Մեր սահմանապահ զորքերը համեմատելի չեն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հետ, քանզի վերջինս ի սկզբանե ստեղծվել ու զարգացվել է որպես այլընտրանքային զինված ուժեր, ըստ էության՝ երկրորդ բանակ: Մոտ 15 հազարանոց ուժ է, որն ունի սեփական զրահատանկային միջոցներ, հրետանի, սեփական ավիացիա՝ այդ թվում հարվածային ուղղաթիռներ եւ անօդաչուներ:
— Ո՞րն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, մի՞թե միայն ուժի կիրառումը:
— Նիկոլ Փաշինյանն այնքան խորը փոսի մեջ է գցել Հայաստանին եւ հայությանը, որ իր հեռացումից հետո էլ ահռելի ճիգեր եւ համազգային մոբիլիզացիա է պահանջվելու հայկական պետությունը փրկելու ու ոտքի կանգնեցնելու համար: Մեր բոլոր խնդիրներին պատասխանող լուծում չկա. բոլոր ոլորտներում պետք է շատ ծանր աշխատանք տարվի, սկսած բանակաշինությունից եւ դիվանագիտությունից, վերջացրած կրթությամբ եւ տնտեսությամբ: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք որեւէ լուծում չունենանք:
— Հայաստանի իշխանությունները խոսում են անկլավների վերադարձի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, իսկ ո՞րը պետք է լինի հայկական կողմի պահանջը, Հայաստանի իշխանությունների ոչ պահանջատիրական մոտեցումներն ի վերջո ինչի՞ կարող են հանգեցնել:
— Եկեք չօգտագործենք «անկլավ» բառը, քանզի կնշանակի, որ հայկական այդ տարածքը, չգիտես ինչու, արդեն ընդունում ենք որպես ադրբեջանական: Ինչ վերաբերում է բուն հարցին... Հարցը հետեւյալն է. ո՞ւմ նկատի ունենք` «հայկական կողմ» ասելով: Փաշինյանի ռեժի՞մը: Ինչպես ասացի, այն Հայաստանում թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող, ըստ էության, օկուպացիոն վարչակարգ է: Փաշինյանի միակ պահանջն ամբողջ աշխարհից իշխանության մնալն է հնարավորինս երկար, ցանկալի է՝ ցմահ: Դրա դիմաց պատրաստ է հանձնել թե՛ Արցախը, թե՛ հայկական գյուղերը, թե՛ ընդհանրապես ՀՀ ինքնիշխանության մնացած փշրանքները:
— Այսօր Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի:
— Քանի դեռ Հայաստանում իշխում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, մենք երբեք պատերազմի պատրաստ չենք լինելու:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ