«ԹՈւՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՆՈԿԴԱՈՒՆՆԵՐՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍպորտIravunk.com-ի զրուցակիցն է Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Հայազգի մարզիկը վերջերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի Աշխարհի առաջնությունում առաջին անգամ մասնակցեց մեծահասակների մրցաշարին։ Մեդալ չհաջողվեց նվաճել, սակայն հինգերորդ տեղը գրավեց IBA միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացավ պարգևատրման, ինչը ևս առաջին անգամվա համար վատ չէ։ Մեզ հետ զրույցում ՌԱՖԱՅԵԼԸ նշեց.
«Երկու հաղթանակ տոնելուց հետո, քառորդ եզրափակչում պարտվել եմ Եվրոպայի չեմպիոն, ազգությամբ վրացի մարզիկ Գեորգի Կուշիտաշվիլիին։ Պարտության համար ոչ - ոքի էլ չեմ մեղադրում, բացի ինձանից։ Զարգանալու, առաջ գնալու տեղ կա դեռ։ Սակայն գոհ եմ իմ անցկացրած մենամարտերից ու սրանով կանգ չեմ առնի։ Տրամադրությունս բարձր է, որովհետև ընկերներս Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանը կարողացան մեդալ նվաճել, ճիշտ է բրոնզե էր, սակայն կարևորը մեդալներով ենք վերադարձել։ Գոհ եմ իմ անցկացրած մենամարտերից։ Արել եմ ամեն բան, հաղթանակ տոնելու և բարձր արդյունք ցույց տալու համար։ Առաջին մենամարտի ժամանակ հաղթել եմ Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին, ով 2022-ի մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է։ Շատ լավ մարտ ունեցա 5։0 հաշվով եմ հաղթել։ Հաջորդ մրցակիցս թուրք էր, հաղթել եմ նոկդաուններով, վաղաժամ։ Այս մենամարտն էլ բավականին լավ անցավ ինձ համար։ Երրորդ մրցակիցս քառորդ եզրափակչում վրացի Գեորգի Կուշիտաշվիլին էր, ում շատ ծանոթ էի, սակայն ինչ - ինչ պատճառներով պարտվեցի։ Քառորդ եզրափակչում, ինչու չստացվեց? - Մրցակիցս բավականին ուժեղ էր, վնասվածք ստացա։ Սակայն դա չէր պատճառը։ Գլխի հարվածով հոնքի վնասվածք ստացա ու մենամարտում էի արնահոսելով։ Նաև մի քանի վրիպում եղավ մրցավարների կողմից։ Պիտի աշխատեմ, որ հետագայում վրացի մարզիկին հաղթեմ։
- Ռաֆայել, իսկ ինչպե՞ս ստացվեց զբաղվել սպորտով։
- Փոքրուց շատ եմ սիրել զբաղվել սպորտով, բռնցքամարտով: Այն դարձել է ինձ համար կյանքի անբաժանելի մասնիկը, առանց այս մարզաձևի չեմ կարող պատկերացնել իմ կյանքը, առօրյան։
- Ռաֆայել, Ձեր ազգի մեջ մարզիկներ կան:
- Իհարկե, ծնողներս սուսերամարտիկներ են եղել, ԽՍՀՄ չեմպիոններ են: Ես մարզական ընտանիքում եմ մեծացել ու հասակ առել։
- Իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։
- Աշխարհի չեմպիոն դառնալն է։ Գիտեմ, որ շատ մարզիկների երազանքն է Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելը, սակայն ես Աշխարհի չեմպիոնի տիտղոսին եմ ձգտում։ Ինքս ինձ խոստացել եմ, որ պիտի դառնամ Աշխարհի չեմպիոն, լավ պիտի պարապեմ, որ հասնեմ դրան։ 2021-ին Բանակայինների Աշխարհի առաջնությունում առաջին մենամարտս ռուս մարզիկի հետ էր։ Առաջնությունը Մոսկվայում էր ընթանում, պարտվեցի նրան, նա Աշխարհի նախկին չեմպիոն էր ու բավականին ուժեղ։ Հենց նա էլ չեմպիոն հռչակվեց։ Այդ պարտությունից հետո որոշեցի, որ ես էլ պիտի դառնամ Աշխարհի չեմպիոն։
- Ռաֆայել, հետաքրքիր է, սպորտից դուրս ազատ ժամանակ ունենում ես ու ինչով ես սիրում զբաղվել:
- Իհարկե, ունենում եմ, ընկերուհուս հետ եմ սիրում անցկացնել այդ ժամանակը։
- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ