Ժամ առաջ այս իշխանությանը պետք է հեռացնել. Լիլիթ Գալստյան
Ներքաղաքական«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
«ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՏԵՐ Է ՈՒԶՈՒՄ»
— Մայիսյան Եռատոնն էլ անցավ անորոշության մեջ՝ վաղվա օրվա մշուշում: Ի՞նչ նշանակություն ունի այն այսօր մեզ համար:
— Ես տոնը դիմավորել եմ ծանր ու հակասական զգացումներով: Կարծում եմ՝ հակասական ապրումներ պետք է ունենա հայ ժողովրդի մտածող մեծամասնությունը: Շուշիի ազատագրման օրն էլ ավելի ցայտուն ու ցավոտ է դարձնում մեր օրերի պարտությունը, ծանր կորուստները, արժեքների անկումը, բարոյահոգեբանական նահանջները: Արագածոտնի Լեռնարոտ գյուղում էի, որտեղ իմ բժիշկ-ազատամարտիկ ընկեր, դաշնակցության գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանի նախաձեռնությամբ իր հայրենի գյուղի բարձունքին հուշակոթող էր բացվում, այն մեր ազատագրական պայքարը խորհրդանշող խաչքարերի անսամբլ էր: Շատ խորհրդանշական էր. բոլոր գոյութենական ճակատամարտերը ունեին սկիզբ ու ավարտ, բայց այս վերջինը ուներ սկզբի տարեթիվ եւ չուներ ավարտ. հրաշալի խորհուրդ էր… Արագածի փեշերին հարյուրավոր մարդիկ՝ հաղթանակները նորոգելու համոզումով եկել էին հուշարձանի բացմանը: Մենք բաց վերք ունենք եւ հաղթանակի սպասում: Հիմնական ուղերձը չխոնարհվելու ու չծնկելու ուղերձն էր: Այո՛, գիտակցում ենք, որ աներեւակայելի փորձությունների միջով ենք անցնում, մեր պետականության գլխին ծանր սուր է կախված, եւ այն պետականակործան ընթացքը, որը որդեգրել է Հայաստանի գործող իշխանությունը, բոլորի մտքի մեջ կասեցնելու խորհուրդն ունի իր մեջ: Մեր ամբողջ պատմությունը վայրէջքների, վերելքների, հաղթանակների, պարտությունների մասին է, մենք բյուրեղացած ազգ ենք: Նժդեհի բառով ասեմ՝ մի կողմում մեր անպարտ ու տաղանդավոր տեսակն է, բայց մյուս կողմում` մեր դավաճանական նողկալի տեսակն է, որը, ցավոք, կա մեր մեջ: Մեր հողը մեզ պետք է ուժ տա, մենք նաեւ պարտք ենք 44-օրյա պատերազմի նահատակներին, պարտք ենք մեր պատմությանն ու ապագային: Մեր մեջ կա այդ պոտենցիալը, սարդարապատվելու էներգիան, համոզումը: Վստահ եմ՝ թե՛ հոգեւոր առաջնորդությամբ, թե՛ քաղաքական առաջնորդությամբ, թե՛ ազգային մտածողությամբ կարող ենք ճեղքել այս իրավիճակը, պարտավոր ենք չհաշտվել այն դավաճանական ընթացքին, ինչի մեջ հայտնվել ենք: Մեր ապագան տեր է ուզում: Մեր բոլոր ձեռքբերումները անհատի ձեռքբերումներ են, բայց պարտությունները հավաքական են: Պետք է կարողանանք մեր հավաքական պարտության անիվը բեկել:
— Ինչ խոսք, գնահատելի ու գեղեցիկ քայլ է հուշարձանի տեղադրումը, բայց մի՞թե նման ճահճացած իրավիճակում խաչքարերի ու հուշարձանների տեղադրումով հնարավոր է փրկվել: Ընդդիմությունը չի՞ ուզում ավելի գործնական քայլերի անցնել:
— Ես չեմ նսեմացնում մշակույթի, ստեղծագործության, հուշարձանի ոգեղեն ներկայությունը: Հաղթանակները, ճակատամարտերն առաջնորդում են քաղաքական ուժերը կամ քաղաքական տեսլական ունեցող անհատները: Երբ ասում էի, որ ծանր ժամանակներ ենք ապրում, նկատի ունեի թե՛ քաղաքական, թե՛ բարոյական ճգնաժամը, այս իշխանության կողմից ստորաբար մեզ փաթաթվող անհեռանկարայնությունը: Գիտե՞ք քաղաքակրթությունների պատմության մեջ պարտություններ լինում են, բայց հաղթում են տեսլականներն ու ընդհանրական իղձերը:
«ԱՐԱԳ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ»
— Ընդդիմության տեսլականը ո՞րն է:
— Ընդդիմությունը շատ անելիք ունի՝ ապահովելու քաղաքական-արժեքային-ստրատեգիական միասնականություն. մեր հիմնական անելիքը համազգային համախմբում առաջացնելն է: Մենք երկու տարի այդ ընթացքի մեջ էինք՝ թե՛ Հայրենիքի փրկության շարժումով, թե՛ «Դիմադրության» շարժումով, որի առաջնորդող ուժերից մեկը Դաշնակցությունն էր: Անելանելիության, պարտության ծանր նստվածքի մեջ կարողացանք ոտքի հանել շատերին, համոզում առաջացնել, որ ժողովրդի մեջ կա իրավիճակը փոխելու պահանջ, անհաշտություն: Հիմա տարբեր ընդդիմադիր շարժումներ իրենց հայտերն են ներկայացրել տարբեր հարթակներում: Մենք ոչ միայն ողջունում ենք քաղաքական-համազգային համախմբման դրսեւորումները, այլեւ աջակից ենք ազգային-պետական շահերով առաջնորդվող անհատներին: Հիմա, իհարկե, քննարկումների, բանակցությունների, ձեւաչափերը հստակեցնելու ժամանակաշրջանն ենք ապրում: Մենք չենք մերժում թե՛ փողոցային պայքարը, թե՛ խորհրդարանական ձեւաչափը, բայց առայժմ այսքանն է ստացվում: Մեր օրակարգր չի փոխվել. պետականակործան այս իշխանություններին պետք է հեռացնել. հայոց պետականության փրկությունն օրակարգային է՝ Հայաստան-Արցախ անվտանգային մեկ ամբողջություն է: Քննարկումներ ենք անցկացնում, բայց մեզ հանրային աջակցություն է հարկավոր, առաջիկայում ներազգային մոբիլիզացիայի նոր մարտավարություն ենք որդեգրելու: Մենք խնդիր ունենք նաեւ հասարակության մեջ խեղված արժեքները վերադասավորելու, վերախմբագրելու, նաեւ ազգային շահը բացատրելու: Շատ ենք մարզերում լինում, եւ ցավալի է տեսնել, որ մեր հանրության մեծ մասի մոտ խորը քնի, անհաղորդության, պետականություն չունենալու հաշտվածության վիճակ է: Մենք պետք է քաղաքացուն նորից արթնացնենք եւ սեփական հաղթանակի նկատմամբ հավատ ներշնչենք: Աշխարհաքաղաքական միջավայրն ու ազդակները եւս իրենց հետեւանքը թողնում են տրամադրությունների վրա: Այս պահին մենք մարտավարական վերադասավորումների ընթացքի մեջ ենք եւ գիտակցում ենք, որ արագ գործողությունների կարիք կա:
— Վերջերս «Հայաստան» դաշինքի անդամները հանդիպում ունեցան Ռոբերտ Քոչարյանի հետ, կբացե՞ք փակագծեր, ի՞նչ է քննարկվել, եղե՞լ են կտրուկ որոշումներ:
— Քննարկման օրակարգում մեր առաջիկա անելիքներն են եղել: Այդ հանդիպումները գրեթե ամենամսյա կտրվածքով լինում են: Այդտեղ նորություն չկար:
«ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ»
— Կլինի՞ նոր առաջնորդ, ով կհամախմբի ժողովրդին, քննարկվե՞լ է նման բան:
— Առաջնորդներին ոչ թե նշանակում են, այլ վաստակում ու դառնում են: Դրանք նշանակովի մարմիններ չեն, նրանք պետք է ծնվեն, ժողովուրդը պետք է ընդունի: Հայաստանն այնքան բազմակողմանի տապալվել ու պարտվել է, որ իսկապես բազմավեկտոր վերլուծության եւ գնահատականի խնդիր ունենք: Երբեք Հայաստանը անհանդուրժողականության այս մակարդակը չի ունեցել: Տարիներ շարունակ մշակված ծրագրի արդյունքում ենք հայտվել այս իրավիճակում: Մեր ազգային իմունիտետն այսքան թուլացել է, որովհետեւ խոցվել է բանակը, եկեղեցին, դպրոցը, հայրենասիրության գաղափարները, փչացրել են նաեւ առաջնորդության ինստիտուտը: Խնդիր ունենք ազգովի սահմանել ազգային նպատակ, իղձ, իդեաներ եւ գնալ զինվորագրվել դրանց, եւ դա քաղաքական ուժերի խնդիրն է, հատկապես ընդդիմադիր դաշտի, իսկ իշխանությանն անթաքույց կազմաքանդում է պետությունն, ինչը առայժմ, ցավոք դեռ սրանց հաջողվում է:
— Այս ամենից ելքը ո՞րն է, կոնկրետ գործնական քայլերը որո՞նք են:
— Նախ եւ առաջ ազգային մոբիլիզացիա, ներուժի համախմբում, ազգային նպատակների եւ առաջնահերթությունների սահմանում, անվտանգային բլոկ, բանակի վերակազմավորում-մարտունակություն, Հայաստան-Սփյուռք միասնականության ամրապնդում, դիվանագիտական ճակատում ագրեսիվ աշխատանք, ներազգային համերաշխություն: Մենք պետք է ուժեղանանք, ամրապնդվենք, ինստիտուցիոնալ երկիր կառուցենք: Այս ամենը միայն կարող է անել ազգային իշխանությունը: Մեր օրակարգը չի փոխվել, այն առաջնահերթությունները, որ ես դնում եմ՝ ուժեղ պետություն ունենալը, հնարավոր չէ այս իշխանության ձեռքով, ժամ առաջ այս իշխանությանը պետք է հեռացնել:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ