Չի բացառվում, որ Իրանի դեմ կարող են լինել մեծ ռազմական գործողություններ. Ժաննա Վարդանյան
ՄիջազգայինԼարվածությունը Իրանի ու Իսրայելի միջեւ նորություն չէ, վերջին դեպքերն էլ ավելի շատ կարելի է որակել իբրեւ «մամուլի ձեռքի գործ»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է իրանագետ ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ իրավիճակ է Իրանում, իրան-իսրայելական հարաբերություններում նոր սրացումներ կլինե՞ն:
— Այս պահին ընդհանուր առմամբ իրավիճակը Իրանում հանգիստ է, ցույցեր չկան: Ինչ վերաբերում է Իրան-Իսրայել վերջին զարգացումներին, այստեղ պետք է ֆիքսենք, որ Իսրայելի կողմից Իրանի տարբեր ռազմավարական օբյեկտների եւ մասնավորապես՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումներ եղել են նաեւ նախկինում, Իսրայելը նաեւ Իրանի միջուկային գիտնականների սպանություններն է կազմակերպել հենց երկրի ներսում, հետեւաբար վերջին միջադեպն իր բնույթով շատ ավելի փոքր միջադեպ էր, քան նախկինում եղել է, եւ արձանագրվել է այս երկու երկրների հակամարտության շրջանակում: Ե՛վ վնասաբերությամբ, եւ՛ կիրառված մեթոդների առումով այն ավելի փոքր մասշտաբի էր, տարբերությունն այն էր, որ այս միջադեպն ուղեկցվեց շատ մեծ մեդիագրոհով, մամուլը հեղեղվեց նյութերով, թե Իրանի այլ քաղաքաներում եւս հարձակումներ են եղել: Եվ ստացվեց այնպես, որ ամբողջ մամուլը գրեց ու խոսեց Իրանում հարձակումների մասին, եւ զուգահեռաբար համընկավ Թավրիզին մոտ քաղաքում շարժիչի յուղերի արտադրամասի հրդեհը ու այդ հրդեհի կադրերը սկսեցին շատ արագ տարածվել, որպես Իրանի տարբեր քաղաքներում պայթյունների կադրեր, ու ամեն ինչ ուռճացվեց, այնինչ՝ հենց իրանական արձագանքն է եղել շատ զուսպ, սա էլ իր հերթին կարող է նշանակել, որ իրանցիները չցանկացան ուռճացնել իրադարձությունները, որն առանց այդ էլ, մամուլի կողմից ուռճացվեց: Մենք պետք է ակնկալենք, որ հետագայում նման հարձակումներ լինելու են, կարող է լինել ավելի խոշոր կամ ավելի փոքր մասշտաբի, այսինքն՝ սրանք Իրան-Իսրայել հիբրիդային հակամարտության բաղկացուցիչ մասն են ու հետագայում լինելու են: Խոշոր առումով սրացումը, կարելի է ասել, պայմանավորված է միջուկային համաձայնագրի ու բանակցությունների ճակատագրով, այսինքն՝ եթե բանակցություններն, ի վերջո, ավարտվեն անարդյունք՝ չնայած, որ իրենք շուրջ մեկ տարի է սառեցված են, բայց ուղերձների փոխանակումները շարունակվում են: Եթե համաձայնագիրը չվերականգնվի, ու Իրանը շարունակի իր միջուկային ծրագիրը զարգացնել, արդեն չի բացառվում, որ Իրանի դեմ կարող են լինել մեծ ռազմական գործողություններ, քանի որ հենց ԱՄՆ-ն, նաեւ Իսրայելը չեն բացառում Իրանի դեմ ռազմական սցենարը, որի մասին միշտ ակնարկել են:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում: