Լավրովի բուն ենթատեքստն էր ընդգծելը ՌԴ-ի կոշտ դիրքորոշումը նիկոլական իշխանության հանդեպ. Ջամալյան
ՆերքաղաքականԻ հակադրություն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների վերաբերյալ հայաստանյան հանրային տիրույթում առկա դժգոհությունների` ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆՆ ընդգծեց, որ Հայաստանի արժանապատիվ ապագան հայ-ռուսական դաշինքով է լինելու:
— Հայաստանակենտրոն ուժերի, ՀՀ-ի ու Արցախի, ոչ թե նիկոլական իշխանության համար, կան կարմիր գծեր: Արցախն իր իրավասուբյեկտությունը վաղ, թե ուշ ձեռք է բերելու այն սահմաններում, որոնք ձեւավորվել էին երկու ադրբեջանական ագրեսիա հետ մղելու արդյունքում: Հիմա Արցախի սահմանների ամբողջ տարածքի 75-80 տոկոսը օկուպացված է: Այսպիսի շեշտադրումներով ենք մենք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, այն նաեւ վկայում է, որ նախորդ իշխանությունները մերժել են ամեն ինչ, ինչը չի եղել հայանպաստ: Իսկ այսօրվա ՀՀ իշխանությունը հակառուսական դեմարշ խաղարկեց վերջին ամիսներին: Եվ ամենացինիկ ու լկտի քայլերից մեկը ՀԱՊԿ զորավարժությունները նման կերպ չեղարկելն էր: Այդ ամբողջ հակառուսական ֆոնը չի կարող մնալ անպատասխան: Երբ Լավրովին մեղադրում են, մենք՝ ՌԴ-ի հետ դաշինքի կողմնակիցներս, որոնք որեւէ կերպ կաշկանդված չենք, մեր տեսակետներն արտահայտելու առումով, հակադարձում ենք այնպես, ինչպես հարկն է, բայց այդ հակառուսականության տրամադրությունները բերում են նրան, որ ռուսական կողմը կարող է նաեւ նման ցավոտ եւ անընդունելի հայտարարություններ անել: Դա նաեւ նրա համար է, որ հայ ժողովուրդը սթափվի եւ հասկանա` ովքեր են իշխանության ղեկին: Այդ հայտարարության բուն ենթատեքստն էր ընդգծելը ՌԴ իշխանության կոշտ դիրքորոշումը նիկոլական իշխանության հանդեպ եւ սթափեցնել հայաստանյան հանրությանը: Իրականում ռուսական կողմին ձեռնտու չէ Արցախի` սահմանադրորեն ամրագրված մոտ 10 հազար քառ. կմ թուրքական օկուպացիան, քանի որ այդ տարածքները որոշ ժամանակ անց դառնալու են պլացդարմ Ռուսաստանի հարավին հարվածելու համար, եթե Ալիեւին հաջողվի ամբողջապես կուլ տալ Արցախը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ