«Այլ երկրների համար Արցախն ընդամենը քաղաքականություն է».ՇՊՌՈՏ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է ԱՄՆ-ում բնակվող երգչուհի ՇՊՌՈՏԻ հետ:
— Արցախի շրջափակման վերաբերյալ ի՞նչ արձագանք կա Միացյալ Նահանգներում:
— Իհարկե, Սփյուռքը շատ է ցավում: Ամեն օր խոսում ենք ընկերներով եւ անճարությունից չգիտենք՝ ինչպես վարվենք: Կոնկրետ ես՝ աղոթում եմ անդադար:
— Մի՞թե այս ամենը տեսնելով՝ հավատ է ներշնչում խաղաղության պայմանագիրը, ինչի մասին շարունակում է խոսել իշխանությունը:
— Այս ամենը տեսնելով՝ հասկանում եմ, որ ազգիս հրաշք է պետք: Իմ միակ հույսն Աստված է: Մեզ միայն հրաշքը կփրկի: Ես չեմ հավատում կամ սպասում ինչ-որ փոփոխություն քաղաքական գործիչների կողմից: Այլ երկրների համար Արցախն ընդամենը քաղաքականություն է: Արցախով մեզ վերահսկում է ռուսը, իսկ ամերիկացին Արցախով ռուսին է քշում: Իսկ ադրբեջանցիներն էլ օգտվում են իրավիճակից՝ մեզ ավելի թուլացնելով:
— Հրդեհում մի գիշերվա մեջ այրվել են 15 զինծառայող: Ձեր կարծիքը ստեղծված իրավիճակի մասին ինչպիսի՞ն է:
— Ես, ճիշտ է, չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել: Հասկանում եմ, որ կարող է սարքած լինել, բայց թե ում կողմից, չգիտեմ՝ թշնամո՞ւ, թե՞ ներքին թշնամու: Ինչ խոսք, հերքում են, ինչպես Սուրմալուի հրդեհի ժամանակ հերքեցին:
— Այս ամենից հետո՝ ո՞րն է մեր ապագան: Դուք տեսնո՞ւմ եք իշխանության խոստացած՝ «Ապագա կա»-ի արդյունքները:
— Իրենց համար հաստատ ապագա չկա, իսկ ազգիս համար կա: Քանի դեռ Աստծուց լիովին չենք հեռացել, հույս կա: Ըստ իս, այդ՝ ապագա կա ասողների օրերը հաշված են: Ուղղակի, չգիտեմ՝ հաջորդները, որ գան, արդյո՞ք էլի դրածո չեն լինի: Բայց հուսալով Տիրոջը՝ ուզում եմ հավատալ, որ կունենանք պետականամետ-հայակենտրոն ղեկավար: Հուսանք եւ աղոթենք, որպեսզի Տերը ողորմի… Մեր հոգիներին փրկություն եւ երկրին խաղաղություն:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ