Բոլոր այն օրակարգերը, որոնցում չկա իշխանափոխության հարց, կեղծ են. Տիգրան Քոչարյան
ՆերքաղաքականՈրոշակի հարցերում Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր ուղեծրի մեջ են եւ, ցավոք, այդ ուղեծիրը պրոհայկական չեն: Այս կարծիքին է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Նրա խոսքով` ադրբեջանցիների կողմից փակված Բերձորի միջանցքի վերաբացման ուղղությամբ իշխանությունների քայլերը իմիտացիոն բնույթ են կրում:
— Այն աշխատանքը, որ պետք է կատարվեր, այն զինանոցը, որն ունի Հայաստանը նույնիսկ այսքան թուլացած վիճակում եւ կարող է կիրառել, գործի չի դրվում: Ուղղակի իմիտացիա է. Ալիեւը սպառնում է, հոխորտում է, այստեղից արձագանքում են` մենք գնում ենք խաղաղության դարաշրջան, թուրքերի հետ էլ ենք հաշտվելու: Ադրբեջանը փակել է միջանցքը, իսկ Հայաստանի վրայով բեռնատար ինքնաթիռներ են թռնում Նախիջեւանից Ադրբեջան: Սրանք չենք բխում Հայաստանի պետական շահերից: Հայաստանի Հանրապետության իշխանության նման վարքագիծը չի արտահայտում եւ չի պաշտպանում հայոց պետականության ու ազգային շահերը: Անտրամաբանական ինչ-որ այլ օրակարգ է աշխատում: Մի կողմից բողոքում ես, որ ճանապարհը փակ է, մյուս կողմից էլ քո ճանապարհը չես փակում` մինչեւ այսօր թույլ ես տալիս առանց սահմանագծման քո տարածքում գտնվեն ադրբեջանական երկու անցակետեր, թույլ ես տալիս, որ Շուռնուխ գյուղում անհասկանալի բնակիչներ լինեն, որոնք հանգիստ մատակարարում են ստանում: Չգիտես ինչո՞ւ, մենք չունենք էկոլոգներ, որ կարող են գնալ ու շրջափակել այդ անցակետերը: Փոխարեն մենք օգտագործենք Սփյուռքի կառույցների, Հայ դատի, Եկեղեցու հնարավորությունները` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, կատարվում է հակառակը: Ցեղասպանության թեմայով քննարկում է լինում, Հայ դատի գրասենյակները չեն հրավիրում, Սփյուռքի հարցերով գագաթաժողով է լինում, եկեղեցին չկա, երբ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայում Ադրբեջանի դեմ ակցիաներ է անում, նրա մուտքը Հայաստան արգելված է, Հայաստանի շահերից հանդես եկող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է, ամեն ինչ արվում է, որ այդ մարդը նեղանա Հայաստանից ու լոբբիստական քայլեր չանի: Հետեւապես ստեղծված իրավիճակում բոլոր այն օրակարգերը, որոնցում չկա իշխանափոխության հարց, կեղծ են: