Եթե այսպես շարունակվեց, պատերազմն անխուսափելի է. Արման Աբովյան
ՆերքաղաքականԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ կարծիքով` Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը կանգնած են ամենավճռական եւ ամենախոշոր պատերազմի առջեւ, եւ այս իրողության ընդունել-չընդունելուց է կախված մեր հետագա ճակատագիրը:
— Ուժային կենտրոններն արդեն իսկ քննարկում են պատերազմի հետեւանքները, եւ այդ քննարկումները 99,9 տոկոսով վերաբերում են ՀՀ տարածքին: Ի՞նչը կխանգարի Ադրբեջանին` լայնածավալ գործողություններ սկսել եւ հարվածել Երեւան քաղաքին, օրինակ` հրթիռներով: Կա խանգարող գործոն, օրինակ, մեր դաշնակից պետության` ՌԴ-ի հանգամանքը, տարատեսակ կենտրոնների շահերը, բայց երկրագնդում այսօր վերաձեւավորումներ են եւ պատմականորեն ստացվել է այնպես, որ մենք կրկին կիզակետում ենք ու պետք է հստակ հասկանանք` խուսափել չի ստացվելու՝ անկախ մեր ցանկություններից: Իսկ ստեղծված իրողություններում, երբ ՀՀ իշխանությունների ոչ համարժեք գործողությունների հետեւանքով հանգել ենք նման խնդիրների, միայն մենք` իբրեւ պետություն եւ քաղաքացի, պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին, քանզի ոչ ոք, անգամ դաշնակիցը, դա չի անելու: Առաջին՝ եթե այսպես շարունակվեց, պատերազմն անխուսափելի է: Երկրորդ՝ արտահայտությունը, թե ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի կամ պատերազմից վատ բան չկա, ասեմ ձեզ` կա. կոտորած, ցեղասպանություն, տեղահանություն: Երրորդ՝ ունե՞նք շանս, այո՛, բայց այն կախված է մեկ բանից՝ որքանով ենք դուրս գալիս կաղապարներից եւ ընդունում իրողությունը: