Դե տարեք դատեք ձեզ` հենց ձեր գրած օրենքով. Էդգար Ղազարյան
ՆերքաղաքականԸստ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ` մարդկության պատմության մեջ չի եղել, որ պետության ղեկավարը հայտարարի, թե իր պետության երաշխավորը մեկ այլ պետություն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասաց, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է:
— Այս կառավարությունը հավանություն է տվել մի օրենքի նախագծի ու ներկայացրել Ազգային ժողով, որ ով խոսի ինքնիշխանության դեմ, պետք է դատվի: Դե տարեք դատեք ձեզ` հենց ձեր գրած օրենքով, որովհետեւ մեր անվտանգությունն ապահովելը ինքնիշխան պետության կարեւորագույն գործառույթներից եւ սկզբունքներից մեկն է: Այսինքն` պետության գլխավոր գործառույթը իր ինքնիշխանության ապահովումն է: ՀՀ Սահմանադրության մեջ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Ռուսաստանն է երաշխավորում, այլ գրված է, որ ՀՀ անվտանգությունը, սահմանների ապահովությունը երաշխավորում են ՀՀ զինված ուժերը, որոնք ենթարկվում են կառավարությանը: Իսկ եթե դու քո հիմնական ֆունկցիան չես կատարում, ինչպե՞ս ես պատկերացնում, որ մի այլ պետություն պետք է լինի քո անվտանգության երաշխավորը: