ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեեւան Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է Բերձորի միջանցքի թեմային, անդրադարձավ տեղաշարժի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությանը: Նա մասնավորապես նշեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, վերահսկում են նշված միջանցքը, արդյունավետորեն հաղթահարում են իրենց առաքելությունը։ ՌԴ ներկայացուցչի համոզմամբ՝ կողմերը եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է ամբողջությամբ պահպանեն դրանք եւ խոչընդոտներ չստեղծեն դրանց իրականացման համար։
«Կարեւոր է նշել, որ համաձայնագիրը (2020 թվականի նոյեմբերի 9-ի) ստորագրելիս կողմերը պարտավորվել են ապահովել հայտարարության դրույթների կատարումը եւ խոչընդոտներ չստեղծել (համաձայնագրի իրականացման համար)։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի», - ասաց Եվստիգնեեւան՝ շեշտելով, որ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ վերականգնվել է Ղարաբաղի գազամատակարարումը։
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքներն իրականացվել են պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության եւ ԱԳՆ-ի մակարդակով. «Կանոնավոր շփումներ են կազմակերպվել նաեւ հայ եւ ադրբեջանցի գործընկերների միջեւ»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ տվյալ պահին համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի օգտակար հանածոների հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը: