Հրատապ ու արդեն գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀՀ-ում Ստմաբուլյան կոնվենցիան չվավերացվի. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ներքաղաքական«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման երիտասարդության հարցերի հանձնաժողովը ու «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպել էին «Ժամանակն է վերսկսել Հայաստանում ապրել հայեցի եւ մերժել Ստամբուլյան կոնվենցիան» խորագրով կլոր սեղան-քննարկումը։ Ներկա էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի, խորհրդի անդամները, համակիրները, քաղաքական, հասարակական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Եղան փորձագիտական վերլուծություններ, տրվեց քաղաքական գնահատական: Քննարկման արդյունքում անվանի հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների, գիտնականների, արվեստագետների կողմից ի լուր աշխարհի՝ արձանագրվեց հետեւյալը.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ ՀՀ սահմանադրությունը եւ նրանից բխող ու բռնությունը դատապարտող օրենսգրքերը, անհրաժեշտ է հրատապ ու արդեն գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ստմաբուլյան կոնվենցիան չվավերացվի՝ այսպիսիով կանխելով Եվրոպական միջազգային համաձայնագրի վավերացմամբ Հայաստանում կրոնական, հայկական արժեքների ստորադասումը, ընտանիքի որպես այդպիսին վերացումը՝ խարխլելով Հայոց պետության հիմք՝ հայկական ավանդական ընտանիքը։ Հայ մարդը դարեր ի վեր դատապարտել է բռնությունը ցանկացածի հանդեպ՝ լինի կին, տղամարդ, երեխա կամ ազգ եւ ստեղծել է բռնությունը պատժող գործիքակազմ՝ քրեական օրենսգիրք եւ այլն՝ համապատասխանեցնելով հայկական էթնոսին, հայկական մշակույթին ու արժեհամակարգին։ ԼԳԲՏ անձանց իրավունքները եւս պաշտպանվում են համապատասխան օրենքներով՝ նաեւ վերջերս Բռնության մասին ՀՀ օրենքով։ Ի վերջո, գալիս ենք այն եզրահանգման․ որ հայ մարդը պետք է վերսկսի իր Հայրենիքում ապրել հայեցի՝ հավատարիմ իր ազգային գաղափարախոսությանն ու արժեհամակարգին՝ քայլելով 21-րդ դարին համահունչ, բայց ոչ օտարերկրյա պատադրանքներով ու այլասերվածության քարոզով ու ներդրմամբ։ Հայը 21-րդ դարում եւս հավատարիմ է մնալու իր կրոնին, իր գաղափարախոսությանը ու արժեհամակարգին»: