Եթե երկրորդ հորիզոնականում եմ, ուրեմն՝ արժանի եմ դրան. Նարե Ղազարյան
ՄշակութայինՀաղթանակի բերկրանքը մոտ էր, բայց այն չիրականացավ: «Մանկական Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակ Նարե Ղազարյանն իր «Պարիր» երգով հայտնվեց երկրորդ հորիզոնականում: Մրցույթի ավարտից հետո Նարեն անկեղծացավ, որ սկզբում հուզվել է, իսկ այժմ ուրախ է:
«Վստահ էի՝ կհայտնվեմ լավագույն հնգյակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Քվեարկության ժամանակ հուզվել էի, երջանկության արցունքներ էին: Ես իրատես եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթե երկրորդ հորիզոնականում եմ, ուրեմն՝ արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան հաղթեց, քանի որ Լիսսանդրոն շատ լավ ելույթ ունեցավ», -ընդգծեց Նարեն:
Պարզվում է՝ եվրատեսիլյան մասնակիցները մի քանի օրվա ընթացքում բավական մտերմացել էին միմյանց հետ: Ավելին՝ Նարեն 3 անգամ հենց ինքն է քվեարկել Իռլանդիայի, Իսպանիայի եւ Միացյալ Թագավորության պատվիրակների օգտին:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էին 16 երկիր՝ Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան: Մրցույթում հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսսանդրոն իր «Օ՜հ մամա» երգով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ