«Հայաստան» խմբակցությունը համալրվեց երեք ՀՅԴ-ական եւ մեկ ասորի պատգամավորով
ՆերքաղաքականԿենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում դադարեցրել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի եւ Ելենա Կիրակոսյանի լիազորությունները եւ մանդատները տրամադրել է նոր պատգամավորներին:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդող համարներից շատերը, ովքեր կարող էին մանդատ վերցնել, եւս ինքնաբացարկ ներկայացրին, այդ շարքում` Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը եւ Դավիթ Սահակյանցը:
Այդպիսով՝ թափուր մնացած չորս մանդատները վերջապես գտան իրենց նոր տերերին: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կհամալրեն ՀՅԴ-ականներ Մհեր Սահակյանն ու Արփինե Վարդանյանը, ՀՅԴ ցուցակով դաշինքում տեղ գտած Զոլաքարի նախկին համայնքապետ, անկուսակցական Արման Ղազարյանը եւ «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:
Ի դեպ, թեպետ մամուլում քննարկվում էր, որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է սեռային համամասնություն` 30 տոկոսի մասով, սակայն մանդատները տրամադրվեցին հաջորդաբար, ինչի վերաբերյալ «Իրավունքի» հարցին ի պատասխան` ԿԸՀ մամուլի քարտուղար ՍԵԴԱ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ այսպես պարզաբանեց. «Հայաստան» դաշինքում կա 9 կին պատգամավոր եւ համալրվեց եւս երկու կին պատգամավորով, հետեւապես սեռային հավասարության խնդիր չունեն: Դրա համար էլ մանդատ ստացան ցուցակի հաջորդականությամբ նրանք, ովքեր ինքնաբացարկի դիմում չէին ներկայացրել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ