Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը արձագանքել է` իր գռեհիկությամբ անգերազանցելի «Նոր տուն» գովազդային հոլովակի ցուցադրմանը
Հանդիպում«Իրավունքը» անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությամբ եւ ոչ միայն արդեն տեւական ժամանակ հեռարձակվող «Նոր տուն» խանութների գովազդին, որն իր գռեհկությամբ, հակաբարոյականությամբ ու հիմարությամբ անգերազանցելի է: Մասնավորապես, նույն գովազդում մի կիսամերկ ամուսնացած հայ կին պատրաստվում է իր տանը անառակությամբ զբաղվել սիրեկանի հետ: Այդ պահին ամուսինը նրանց բռնեցնում է: Հաջորդիվ, սիրեկանը, աչքի տակ մի փոքր կապտած վիճակում գնում է «Նոր տուն»` առեւտրի:
Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը վերը նշված հակաբարոյական տարրերը չի տեսնում` եթեր հեռաձակելիս նման գովազդը հարցի պտասխանը փորձել ենք ստանալ անձամբ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՑ, ում պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
-Ձեր մտահոգությունը հանրային եթերի նկատմամբ հասկանալի է։ Սակայն, չեմ կարծում, թե «Նոր Տուն» խանութների ցանցի Ձեր նշած գովազդային հոլովակը կարելի է վստահաբար անվանել «գռեհիկ» և «հակաբարոյական»։ Այս դեպքում՝ ոչ։ Կարծում եմ, Ձեր գնահատականը չափազանցված է և հաշվի չի առնում որոշ մասնագիտական սկզբունքներ։
Գովազդային հոլովակն ընհանրապես պայմանական ժանր է, նրա սյուժեն և կերպարները հորինված են սցենարիստի երևակայությամբ և ադպես էլ ընկալվում են հանդիսատեսի կողմից՝ որպես գեղարվեստական հնարք։ Այն չի կարող նույնացվել իրականությունն արտացոլող գեղարվեստական ֆիլմի կամ սերիալի հետ, որտեղ հերոսների վարքագիծն առաջացնում է ընդօրինակելու հակում։ Սա պարզապես հումոր է, որն, անշուշտ, նույնպես կարող է գռեհիկ լինել, սակայն, ոչ այս դեպքում։
Վստահեցնում եմ Ձեզ, որ Հանրային հեռուստաընկերությունը, բավարար ուշադրություն է հատկացնում գովազդային հոլովակների բովանդակությանը, միաժամանակ հարգելով ստեղծագործական ազատությունը։ Շնորհակալություն «Առաջին ալիքի» եթերին հետևելու և արձագանքելու համար։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ