«Ժամկետի մեջ», բայց «թթված» «Մենք» մասուրի հյութը. Ահազանգի հետքերով
Սպառողի անկյուն«Իրավունքի» խմբագրություն է ահազանգել քաղաքացի. Գ.Մ.-ն, ով բողոքում էր, թե գնել է «Մենք» ապրանքանիշի մասուրի հյութ, որը գտնվում է պիտանելիության ժամկետի մեջ, բայց բացելով, հայտնաբերել է, որ այն թթված վիճակում է` տհաճ հոտով:
Մենք անմիջապես դիմեցինք վերը նշված հյութը արտադրող «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԲԸ-ին, որտեղից նախ փորձեցին խնդիրը խանութի վրա բարդել, հետո խնդրեցին` գան եւ նմուշը վերցնեն, որպեսզի հետազոտության ենթարկեն: Կարճ ժամանակ անց ընկերության վարորդը եկավ եւ համապատասխան արձանագրությունը կազմելուց հետո վերցրեց թթված, բայց ժամկետի մեջ հյութը:
Ընդամենը մեկ ժամ հետո մեզ զանգահարեցին ընկերությունից եւ տեղեկացրին, որ արագ կերպով փորձաքննության են ենթարկել եւ պարզել, որ մանրէաբանական որեւէ խախտում չի արձանագրվել, միայն հոտի առումով կա անհասկանալի անհամապատասխանություն, որը ուսումնասիրման փուլում է: Տեղեկացրին նաեւ, որ տվյալ խմբաքանակը, թեեւ վտանգավոր չեն համարում, բայց հետ են կանչել:
Ամեն դեպքում, լավ է, որ ընկերությունը գոնե ընդունեց, որ հյութը տհաճ հոտ ունի, այսինքն` քաղաքացին այն գնելով, եթե անգամ չի թունավորվել (բարեբախտաբար, հոտը թույլ չէր տա խմել), սակայն առնվազն ֆինանսապես տուժել է: Հետ են կանչել են այդ խմբաքանակը, թե` ոչ, ընկերությունը կիմանա: Բայց թե քանի՞ մարդ է այն գնել ու թափել, այսինքն` ֆինանսապես տուժել եւ ընկերությանը հարստացրել, դա արդեն հուսանք, որ պատկան մարմինները կպարզեն:
Ներկայացրեց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ