Աշոտ Երկաթի սուրբ խաչի օրհնությունն էր, որ ժամեր տեւած հրետակոծությունից ոչ ոք չվնասվեց. ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի բացառիկ զրույցը
Հանդիպում
Ինչպե՞ս են սպաները ֆիզիկական ցավին զուգահեռ հաղթահարել 44-օրյա պատերազմի հասցրած հոգեբանական հետքը, հաղթահարե՞լ են արդյոք, ի՞նչ հարցեր են հաճախ տրվում հոգեւորականներին, պատերազմի ամենաթեժ օրերին ինչպես է Աստված հրաշքով փրկել շատ զինվորների, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի հետ, ով նախ անդրադարձավ սպաների եւ զինվորների՝ պատերազմի հասցրած հոգեբանական ծանր հետքը հաղթահարելու գործընթացին․
ԹԵ՛ ՍՊԱՆԵՐԸ, ԹԵ՛ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆՆԵՐԸ և ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ
-Հարցին միանշանակ այո կամ ոչ հնարավոր չէ պատասխանել, բայց զինծառայողները կարելի է ասել հաղթահարել են պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները և այսօր էլ շարունակում հաղթահարել։ Գիտեք, որ ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ, զարգացումներ են տեղի ունենում եւ այդ շրջանակներում նաեւ զինծառայողների ծառայության որակն է բարձրանում, տրամադրություններն են փոխվում։
Թե՛ սպաները, թե՛ պայմանագրայինները և զինվորները շարունակում են նույն նվիրումով հայրենիքին ծառայել։ Այսօր հատկապես սպայակազմի մոտ նվիրումն է գործում, սպաներն ու հրամկազմն է այսօր ԶՈՒ ողջ ծանրությունը իր ուսերին վերցրած համբերատար ու նվիրումով շարունակում ծառայությունը՝ պատրաստ լինելով անձնվիրաբար պաշտպանել հայրենիքի իրենց վստահված տարածքները։
-Հայր Սուրբ, հետադարձ հայացք նետելով երկու տարվա խորք, որտե՞ղ մեր հավատքը սասանվեց, որ չկարողացանք միահամուռ ուժերով դիմակայել թշնամու հարվածներին, արդյունքում ունենալով այն ինչ ունենք։
-Ձեր հարցը շատ ընդարձակ ու խորքային պատասխան է ակնկալում, գիտեք բոլորս պետք է մտածենք, թե ինչո՞ւ, ո՞ր պահին հեռացանք Աստծուց։ Գուցե դադարել ենք իրար սիրելուց որպես հայրենակից, որպես նույն եկեղեցու զավակներ, արդյո՞ք ունենք բավարարար անձնվիրում, քաջություն, հայրենասիրություն։ Եթե թերացել ենք այս առաքինությունների մեջ, բնական է, որ պիտի ընկնեինք նման փորձությունների մեջ։
Սուրբ Գրքի որոշ տեղիներում, ժողովրդի դեմ ծագող պատերազմների պատճառը նրանց մեղքերն ու անհավատարմության դրսևորումներն էին Աստծու առաջ: Միևնույն ժամանակ Թե’ Սուրբ Գրքում և թե’ Եկեղեցու հայրերի գրվածքներում բազմաթիվ վկայություններ կան, որ եթե ժողովութդը հավատարիմ է Աստծուն, ապա թշնամիների դեմ պայքարում Աստված միշտ օգնում է հաղթանակ տանել` հակառակ թշնամու քանակային ու տեխնիկական միջոցների առավելության:
-Հայր Սուրբ, կառանձնացնե՞ք երեք ամենաշատ հնչող հարցերը հոգեւորականներին՝ սպաների ու զինվորների կողմից։
-Առօրյա, կենցաղային հարցերից մինչեւ ընտանեկան, անձնական ու հոգեւոր, աստվածաբանական, գնդերեցները ոչ միայն Աստծո խոսքն են քարոզում զորամասերում, այլ նաեւ դառնում են ընկերներ, մտերիմներ, խորհրդատուներ զինվորների եւ սպաների համար։ Հոգեւոր առումով հաճախ տրվող հարցերից են փրկության հարցը, օրինակ պատերազմի ժամանակ նրանք ովքեր մկրտված չէին ուզում էին անպայման մկրտված լինել, շատերին հետաքրքրում էր հանուն հայրենիքի զոհվելը ինչո՞վ է տարբերվում սովորական պայմաններում մահից։ Հոգեւորականները բացատրում էին, որ դա փրկության հասնելու ամենափառահեղ ճանապարհն է։ Որովհետեւ հանուն հայրենիքի նահատակվածները համարվում են փրկվածներ։ Խաղաղ ժամանակներում հարցերը մի փոքր այլ են․ գիտեք, որ հիմա շատ տարբեր կրոնական քայքայիչ կազմակերպություններ քարոզչություններ են իրականացնում հայրենիքի դեմ, հայրենիքի պաշտպանությունը համարելով չարիք, առհասարակ զենք վերցնելը բնորոշում, որպես անընդունելի արարք։ Այս տեսակի հարցերը շատ զգայուն պատասխաներ են ակնկալում, եւ գնդերեցները կարողանում են Սուրբ գրիքից մեջբերումներով փաստել, որ պատերազմը չնայած վատ բան է` իր բոլոր աղետալի հետևանքներով, բայց կան արդարացի պատերազմներ, որոնք միտված են ինքնապաշտպանությանը, իսկ նման արդարացի պատերազմների ժամանակ արդարացված են նաեւ զինվորիների իրականացրած ծառայությունները։ Հարցերից է նաեւ թշնամուն խոցելու, սպանելու հարցը՝ արդյո՞ք դա մեղք է, թե՞ ոչ, պատասխանը մեկն է, եթե պայքարդ արդարացի է, ապա տվյալ պարագայում թշնամու կռվողներին ոչնչացնելը չի համարվում սպանություն, մեղք։ Այս հարցը քննարկվել է վաղ Եկեղեցում, քրիստոնեության առաջին դարերում և Եկեղեցու սուրբ հայրերն էլ հաստատել են դա: Նույնիսկ զինվորական կանոնադրության մեջ սպանության մասին խոսք չկա, այնտեղ նշվում է, որ պետք է ոչնչացնել քեզ վրա հարձակվող կենդանի կամ տեխնիկական ուժերը։ Սուրբ Գրքում էլ չկա որևէ տեղ, որ Աստված մերժի զինվորական ծառայությունը, փոխարենը գովեստով են խոսվում մի շարք զինվորականների մասին:
-Հայր Սուրբ, Դուք պատերազմի 10-րդ օրը՝ հոկտեմբերի 7-ին արդեն զինվորների կողքին էիք։ Գիտեմ, որ այդ ծանր օրերին՝ ականատես եք եղել բազում աստվածային հրաշքների, կկիսվե՞ք նաեւ մեր ընթերցողի հետ։
-Այո, նման դեպքեր շատ են եղել, կառանձնացնեմ մեկը․պատերազմի թեժ օրերին Աշոտ Երկաթի Սուրբ խաչով օրհնության արարողություն կատարեցինք մի զորամասի հրամանատարական կետում, որից հետո սկսվեց ուժեղ հրետակոծություն՝ ժամեր շարունակ տեւած հրետակոծությունից հետո բացի տեխնիկական վնասներից՝ ծառայողներից ոչ ոք չէր վնասվել։ Առավոտյան հենց հրամանատարը վկայեց, որ Աշոտ Երկաթի սուրբ խաչի օրհնությունն էր, որ ժամեր տեւած հրետակոծությունից ոչ ոք չվնասվեց:
-Եվ վերջում․․․
-Համոզված եմ, որ եթե չկա անձի մեջ հավատք առ Աստված, նրա հայրենասիրությունը, մարտական պատրաստվածությունը, քաջությունը թերի է, չի կարող լիարժեք անձը սիրել իր հայրենիքը, եթե հոգու խորքում չունի հավատք և աստվածսիրություն, որովհետև բոլոր առաքինությունները մարդու մեջ զարգանում են հենց հավատից։ Օրինակ` պատերազմի ժամանակ զինվորները իրենց կողքին տեսնելով հոգևորականին, Աստծու ներկայություն էին զգում, աղոթում էին, որի հետևանքով խուճապի չէին մատնվում ու սառնասրտորեն իրականացնում էին իրենց պարտականությունները` պահելով կարգապահությունը:
Հավատքով մարդը գիտի, որ այս կյանքը խիստ ժամանակավոր է, պատրաստության մի կարճ շրջան, գիտի, որ երկրային կյանքին հաջորդում է հավիտենական կյանքը, որտեղ մարդուն սպասվում է կա՛մ չարչարանքներ կա’մ փրկություն , ուստի երկնային հավիտենական արքայությունը ժառանգելու համար հավատացյալը չի վախենում մահից։ Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ երկրային շրջանը փրկության պատրաստության շրջան է, որը պետք է ապրենք Աստծու պատվիրանների համաձայն:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ