Չմտածե՛ք, որ ձեր տված մեդալներով մեզ կարող եք գնել. կապիտանի դուստրը զգուշացնում է
Հասարակություն
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից կապիտան ԻՇԽԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ հետմահու պարգեւատրվել է «ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով:
«Չեմ տեղադրի մեդալի նկարը եւ որեւէ մեկին շնորհակալություն չեմ հայտնի, քանի որ ո՛չ մի մեդալ, ո՛չ մի կոչում, ո՛չ մի պարգեւ չի կարող սփոփել իմ ցավը, չի կարող կարոտս փարատել, չի կարող տալ այն ջերմությունը, որն ինձ կտար հայրս: Ես այդ բոլոր հետմահու մեդալները, բոլոր պատվոգրերը ցանկանում եմ ձեզ՝ գերագույն գլխավոր դավաճաններ, չնայած դուք անգամ դրան արժանի չեք: Չմտածե՛ք, որ ձեր տված մեդալներով մեզ կարող եք գնել: Իմ հայրը արժանացել է այդ մեդալներին, որովհետեւ ի տարբերություն ձեզ՝ հայրս ապրել ու կռվել է վերջին փամփուշտի գաղափարով…», - գրել է կապիտանի դուստրը՝ Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ բազմաթիվ շքանշանների արժանացած 43-ամյա կապիտան Իշխան Պետրոսյանը զոհվել է Ջրականում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Նա իր բաժին կռիվը տված` ննջեց արցախյան նորօրյա պատերազմի մյուս հերոսների կողքին Եռաբլուրում: Զինվորական ընկերները շեշտում են, որ ինչպես իսկական հրամանատար, նա նետվել է իր ընկերներին օգնության եւ մինչեւ վերջին շունչը պայքարել` հանուն հայրենիքի պաշտպանության, որովհետեւ կռիվ էր տալիս թշնամու դեմ` «Ո՛չ մի քայլ հետ» կարգախոսով: